13:17  ,  3 հունիսի, 2014

Բրազիլիայի դեսպան. Հայաստանից աշխարհի առաջնությանը մեկնելու է ընդամենը 10 մարդ

«Չեմ կարող ձեզ խաբել, քանի որ ներկայիս համացանցի դարում ամեն բան շատ արագ է հասնում ընթերցողներին: Դուք դիտել եք, թե ինչպես են Բրազիլիայում բազմաթիվ մարդիկ դեմ այս առաջնությանը: Չեմ կարող հերքել, որ այդպիսի բան կա»: 

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիսոն Մարինո Դուարտե Մոտնեիրոն։

«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բրազիլիայի 12 քաղաքներում: Դա քրտնաջան աշխատանք էր` վերանորոգել ստադիոնները, որոշ տեղերում նորերը կառուցել, վերանորոգել հյուրանոցներն ու ճանապարհները: Շատերը կարծում էին, որ չարժե այսօր այսքան ծախս անել: Այս պահին կարող եմ ասել՝  հավատում ենք, որ մեր նպատակները արդարացվեցին: Բրազիլացիները լիարժեք ուրախության պահեր կապրեն, քանի որ մենք պաշտում ենք ֆուտբոլը: Ծախսված գումարները մեծ ներդրումներ են, որոնք ընդմիշտ կծառայեն մեր երկրին: Զբոսաշրջությունը կզարգանա մեր երկրում, կավելանան նոր աշխատատեղեր, կբարելավվի հյուրանոցային բիզնեսը: Մենք ակնկալում ենք 30 միլիարդ դոլարի եկամուտ:

Չեմ կարող ձեզ խաբել, քանի որ ներկայիս համացանցի դարում ամեն բան շատ արագ է հասնում ընթերցողներին: Դուք դիտել եք, թե ինչպես են Բրազիլիայում բազմաթիվ մարդիկ դեմ այս առաջնությանը: Չեմ կարող հերքել, որ այդպիսի բան կա: 

Դուք գիտեք, որ մեկ տարի առաջ բողոքի ակցիաներ էին իրականացվում տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Իրականում նրանք բողոքում էին տրանսպորտի որակի բարելավման համար: Շատերը բողոքում են, թե ինչու ֆուտբոլի առաջնության վրա ծախսվող գումարները չեն ներդրվում կրթության ոլորտի մեջ: Տրանսպորտի հետ կապված ցույցերը նպաստեցին նաեւ այլ խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ առաջնություն անցկացումն ավելի կարագացնի այլ խնդիրների լուծումը:

300 միլիարդ դոլար է ծախսվել Բրազիլիայում առողջապահության եւ կրթության ոլորտները բարելավելու համար, մինչդեռ ստադիոններ կառուցելու համար ծախսվել է 8 միլիարդ դոլար: Ես չեմ ասում, որ բողոքողները սխալ են, պարզապես, եթե նրանք գտնում են, որ այդ գումարը պետք է ներդնել այլ ոլորտների մեջ, մեր կառավարությունը չի խնայում այդ գումարները: Աշխարհի առաջնությունը չենք դիտարկում որպես մեկամսյա իրադարձություն:

ՀԱՀ-ում բոլորդ տեսաք, թե ինչպես ֆուտբոլն օգնեց երկրի զարգացմանը: Բոլորը խոսեցին այդ երկրի մասին: Այս պահին միայն երկու ստադիոն պատրաստ չէ: Մեկը Կորինտիանսում է: Այդ ստադիոնի պատն էր քանդվել: Այնտեղ խնդիր էր առաջացել, տեղի թիմն էր ցանկանում վերանորոգել ստադիոնը, բայց չկարողացավ: Մանաուսում եւս խնդիրներ կային: Այնտեղ անգամ բանվոր էր մահացել: Իսկ այն խոսակցությունները, որ ստադիոնները պատրաստ չեն, ուռճացված են: Այնտեղ արդեն խաղեր են անցկացվում:

Ցավով եմ նշում, որ Բրազիլիա մեկնել ցանկացող հայերին միայն 10 վիզա ենք տվել: Այդքան ցանկացողներ են եղել: Երկուսը հաղթել էին «Ամերիա» բանկի շնորհիվ, մեկը կամավոր է մեկնելու: Մենք աշխարհի տարբեր կողմերում ապրող կամավորների կարիք ունենք:

Երբ մարդիկ գալիս են դեսպանատուն, հարցնում են թե արդյոք Բրազիլիայում ապահով է: Աշխարհի բոլոր երկրներում կան վայրեր, որտեղ պետք է զգույշ լինել, հատկապես՝ մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիոյում եւ Սան Պաոլուում: Զբոսաշրջիկները մոռանում են իրենց իրերի, տեսախցիկների մասին: Իհարկե, ավելի վատ բաներ կարող են լինել, եթե դուք գիշերը վտանգավոր վայրեր գնաք: Ոստիկանությունը հսկելու է ստադիոնները եւ առավելագույնը փորձելու է ապահովել անվտանգությունը:

Ես տեղյակ եմ, որ Հայաստանում երկու տուրիստական ընկերություններ անում են ամեն բան, որպեսզի կարողանան էժան տոմսեր տրամադրել ցանկացողներին: Համաձայն եմ, որ հյուրանոցները շատ թանկ են, բայց դա մասնավոր բիզնես է: Կառավարությունը չի կարող նրանց պարտադրել իջեցնել գները: Բայց աշխատանքներ տարվել են, խոսել են հյուրանոցատերերի հետ, որպեսզի բացատրեն, որ այդ դեպքում ոչ ոք չի գնա Բրազիլիա: Պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ անգամ ֆավելաներում են բնակարաններ վարձակալում: Կան մարդիկ, ովքեր 50 հազար դոլար են ծախսում տուն վարձելու համար: Ես այդպես չէի անի: Մենք ունենալու ենք մոտ  600 հազար զբոսաշրջիկ: Մեծ մասը ԱՄՆ-ից են: Կտեսնեք, որ Բրազիլիայում մեծ տոն է լինելու: Այդ ցույցերը Բրազիլիայի բնակչության փոքր մասն են կազմում: Մենք 200 միլիոն ենք: Մեծամասնության համար աշխարհի այս առաջնությունը մեծ տոն է: 2.5 միլիոն մարդ արդեն տոմսեր են գնել: Բրազիլիայում ավելի շատ տեսնելու եք պարող, երգող մարդկանց, քան թե բողոքների: Ես ցանկանում եմ, որ Բրազիլիան հաղթի առաջին երեք խաղերում: Եթե Բրազիլիան դուրս գա եզրափակիչ, դա արդեն մեծ երջանկություն կլինի մեզ համար:

Արգենտինան մեր բարեկամ երկիրն է՝ բացի ֆուտբոլից: Բրազիլիայի նախագահներից մեկն Արգենտիանյում ասել է, որ մեր ազգերին ամեն բան կապում է, իսկ ֆուտբոլը բաժանում: Եթե Արգենտինային պարտվենք շատ կտխրենք, ինչպես նաեւ այլ թիմերին զիջելու դեպքում: Մենք շատ ենք գնահատում արգենտինական ֆուտբոլը: Հուսով եմ՝ Մեսիի փոխարեն դափնեպսակներով տեսնեմ Նեյմարին»,- ասել է դեսպանը:

Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ին՚

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով