13:17 3 հունիսի, 2014«Չեմ կարող ձեզ խաբել, քանի որ ներկայիս համացանցի դարում ամեն բան շատ արագ է հասնում ընթերցողներին: Դուք դիտել եք, թե ինչպես են Բրազիլիայում բազմաթիվ մարդիկ դեմ այս առաջնությանը: Չեմ կարող հերքել, որ այդպիսի բան կա»:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիսոն Մարինո Դուարտե Մոտնեիրոն։
«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվելու է Բրազիլիայի 12 քաղաքներում: Դա քրտնաջան աշխատանք էր` վերանորոգել ստադիոնները, որոշ տեղերում նորերը կառուցել, վերանորոգել հյուրանոցներն ու ճանապարհները: Շատերը կարծում էին, որ չարժե այսօր այսքան ծախս անել: Այս պահին կարող եմ ասել՝ հավատում ենք, որ մեր նպատակները արդարացվեցին: Բրազիլացիները լիարժեք ուրախության պահեր կապրեն, քանի որ մենք պաշտում ենք ֆուտբոլը: Ծախսված գումարները մեծ ներդրումներ են, որոնք ընդմիշտ կծառայեն մեր երկրին: Զբոսաշրջությունը կզարգանա մեր երկրում, կավելանան նոր աշխատատեղեր, կբարելավվի հյուրանոցային բիզնեսը: Մենք ակնկալում ենք 30 միլիարդ դոլարի եկամուտ:
Չեմ կարող ձեզ խաբել, քանի որ ներկայիս համացանցի դարում ամեն բան շատ արագ է հասնում ընթերցողներին: Դուք դիտել եք, թե ինչպես են Բրազիլիայում բազմաթիվ մարդիկ դեմ այս առաջնությանը: Չեմ կարող հերքել, որ այդպիսի բան կա:
Դուք գիտեք, որ մեկ տարի առաջ բողոքի ակցիաներ էին իրականացվում տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Իրականում նրանք բողոքում էին տրանսպորտի որակի բարելավման համար: Շատերը բողոքում են, թե ինչու ֆուտբոլի առաջնության վրա ծախսվող գումարները չեն ներդրվում կրթության ոլորտի մեջ: Տրանսպորտի հետ կապված ցույցերը նպաստեցին նաեւ այլ խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ առաջնություն անցկացումն ավելի կարագացնի այլ խնդիրների լուծումը:
300 միլիարդ դոլար է ծախսվել Բրազիլիայում առողջապահության եւ կրթության ոլորտները բարելավելու համար, մինչդեռ ստադիոններ կառուցելու համար ծախսվել է 8 միլիարդ դոլար: Ես չեմ ասում, որ բողոքողները սխալ են, պարզապես, եթե նրանք գտնում են, որ այդ գումարը պետք է ներդնել այլ ոլորտների մեջ, մեր կառավարությունը չի խնայում այդ գումարները: Աշխարհի առաջնությունը չենք դիտարկում որպես մեկամսյա իրադարձություն:
ՀԱՀ-ում բոլորդ տեսաք, թե ինչպես ֆուտբոլն օգնեց երկրի զարգացմանը: Բոլորը խոսեցին այդ երկրի մասին: Այս պահին միայն երկու ստադիոն պատրաստ չէ: Մեկը Կորինտիանսում է: Այդ ստադիոնի պատն էր քանդվել: Այնտեղ խնդիր էր առաջացել, տեղի թիմն էր ցանկանում վերանորոգել ստադիոնը, բայց չկարողացավ: Մանաուսում եւս խնդիրներ կային: Այնտեղ անգամ բանվոր էր մահացել: Իսկ այն խոսակցությունները, որ ստադիոնները պատրաստ չեն, ուռճացված են: Այնտեղ արդեն խաղեր են անցկացվում:
Ցավով եմ նշում, որ Բրազիլիա մեկնել ցանկացող հայերին միայն 10 վիզա ենք տվել: Այդքան ցանկացողներ են եղել: Երկուսը հաղթել էին «Ամերիա» բանկի շնորհիվ, մեկը կամավոր է մեկնելու: Մենք աշխարհի տարբեր կողմերում ապրող կամավորների կարիք ունենք:
Երբ մարդիկ գալիս են դեսպանատուն, հարցնում են թե արդյոք Բրազիլիայում ապահով է: Աշխարհի բոլոր երկրներում կան վայրեր, որտեղ պետք է զգույշ լինել, հատկապես՝ մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիոյում եւ Սան Պաոլուում: Զբոսաշրջիկները մոռանում են իրենց իրերի, տեսախցիկների մասին: Իհարկե, ավելի վատ բաներ կարող են լինել, եթե դուք գիշերը վտանգավոր վայրեր գնաք: Ոստիկանությունը հսկելու է ստադիոնները եւ առավելագույնը փորձելու է ապահովել անվտանգությունը:
Ես տեղյակ եմ, որ Հայաստանում երկու տուրիստական ընկերություններ անում են ամեն բան, որպեսզի կարողանան էժան տոմսեր տրամադրել ցանկացողներին: Համաձայն եմ, որ հյուրանոցները շատ թանկ են, բայց դա մասնավոր բիզնես է: Կառավարությունը չի կարող նրանց պարտադրել իջեցնել գները: Բայց աշխատանքներ տարվել են, խոսել են հյուրանոցատերերի հետ, որպեսզի բացատրեն, որ այդ դեպքում ոչ ոք չի գնա Բրազիլիա: Պահանջարկն այնքան մեծ է, որ մարդիկ անգամ ֆավելաներում են բնակարաններ վարձակալում: Կան մարդիկ, ովքեր 50 հազար դոլար են ծախսում տուն վարձելու համար: Ես այդպես չէի անի: Մենք ունենալու ենք մոտ 600 հազար զբոսաշրջիկ: Մեծ մասը ԱՄՆ-ից են: Կտեսնեք, որ Բրազիլիայում մեծ տոն է լինելու: Այդ ցույցերը Բրազիլիայի բնակչության փոքր մասն են կազմում: Մենք 200 միլիոն ենք: Մեծամասնության համար աշխարհի այս առաջնությունը մեծ տոն է: 2.5 միլիոն մարդ արդեն տոմսեր են գնել: Բրազիլիայում ավելի շատ տեսնելու եք պարող, երգող մարդկանց, քան թե բողոքների: Ես ցանկանում եմ, որ Բրազիլիան հաղթի առաջին երեք խաղերում: Եթե Բրազիլիան դուրս գա եզրափակիչ, դա արդեն մեծ երջանկություն կլինի մեզ համար:
Արգենտինան մեր բարեկամ երկիրն է՝ բացի ֆուտբոլից: Բրազիլիայի նախագահներից մեկն Արգենտիանյում ասել է, որ մեր ազգերին ամեն բան կապում է, իսկ ֆուտբոլը բաժանում: Եթե Արգենտինային պարտվենք շատ կտխրենք, ինչպես նաեւ այլ թիմերին զիջելու դեպքում: Մենք շատ ենք գնահատում արգենտինական ֆուտբոլը: Հուսով եմ՝ Մեսիի փոխարեն դափնեպսակներով տեսնեմ Նեյմարին»,- ասել է դեսպանը:
Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 12-ին՚
Վերա Մարտիրոսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.