17:57  ,  24 նոյեմբերի, 2026

Գեւորգ Ղազարյան․ Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլ

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» նախկին մարզիչ Գեւորգ Ղազարյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտավազդ Քարամյանի հետ, քննարկել հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված հարցեր և փոխանակել կարծիքներ։

Այդ մասին Գեւորգ Ղազարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, այնուհետեւ գրառումել արել հայկական ֆուտբոլի խնդիրների մասին։

«Ինչո՞ւ է Հայաստանին պետք զարգացած ֆուտբոլ

Ֆուտբոլը միայն հավաքականը չէ։ Այն ազգի առողջությունն է և երկրի անունն աշխարհում։

Հազար երեխայից պրոֆեսիոնալ են դառնում մի քանիսը, բայց մնացածը հեռու են մնում փողոցից, սովորում են թիմում աշխատել և մեծանում են առողջ։

Վրաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշի 154-րդ տեղից հասավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ։ Հայաստանն այսօր 110-րդն է, թեև ժամանակին 30-րդն էր։

Մեր բնակչության 63%-ն ապրում է մարզերում, բայց այնտեղ շատ երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն չունեն։ Շիրակի մարզում երեխաների 52%-ն ապրում է աղքատության գծից ցածր։ Նրանց համար տան մոտ անվճար ֆուտբոլն է միակ հնարավորությունը։

Սա շտկելի է, եթե համակարգ կառուցենք՝ դաշտեր յուրաքանչյուր մարզում, համապատասխան լիցենզիա ունեցող մարզիչներ և ակումբներ, որոնց ձեռնտու է սեփական սաներ պատրաստել։

Որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ սկսում եմ ներկայացնել մեր թիմի ծրագիրը։

Առաջիկա օրերին կգործարկվի կայք, որտեղ ծրագիրը կներկայացվի համակարգված, ամբողջական և պատկերավոր»,- գրել է Գեւորգ Ղազարյանը, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը»։

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ  Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիսն է, որին առաջադրել է «Սյունիքը»։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print