10:30  ,  16 ապրիլի, 2014

Eurosport. Հենրիխ Մխիթարյանին ուղղված Bleacher Report-ի քննադատությունը կասկածելի է

Մարտի վերջին Bleacher Report-ը Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ճանաչել էր Դորտմունդի «Բորուսիայի» ամենաանհաջող տրանսֆերը։ Հիմնականում նրան քննադատում էին պատասխանատու հանդիպումներում ցուցադրած ոչ վառ խաղի համար, գրում է Eurosport-ը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Անցել է ընդամենը մի քանի շաբաթ, սակայն այդ պնդումն արդեն կասկածելի է թվում, եւ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը դա հերթական անգամ ապացուցեց։

Մխիթարյանը լիովին իրավունք ունի Մարկո Ռոյսի հետ ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցակիցը սեփական մաշկի վրա զգաց, թե ինչու է «Բորուսիան» վճարել 27.5 միլիոն եվրո: Մխիթարյանը խաղում էր կիսապաշտպանության աջ եզրում, սակայն նա աչքի էր ընկնում հարձակման ամբողջ երկայնքով։ Հենրիխը հասցնում էր թե՛ պահեր ստեղծել թիմակիցների համար, թե՛ եզրափակել գրոհը։

Հենց նա բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում երկու անգամ հարվածային դիրք դուրս բերեց Ռոբերտ Լեւանդովսկուն»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բորուսիան» 2։0 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգին»։ Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 12-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում