15:32  ,  28 մարտի, 2014

Bleacher Report. Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը՝ «Բորուսիայի» վատագույն տրանսֆեր

Բրիտանական Bleacher Report կայքը վերլուծել է Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերներն ամառային պատուհանի ժամանակ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն անվանելով ամենաանհաջողը։ Լավագույնն է ճանաչվել հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի տրանսֆերը։

«Հենրիխ Մխիթարյանի համար «Բորուսիան» վճարել է ռեկորդային գումար։ Նա պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին, սակայն դեռ չի կարողացել արդարացնել իր հետ կապված հույսերը։ Եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա կարելի է նշել, որ 25-ամյա կիսապաշտպանը վատ մրցաշրջան չի անցկացնում՝ 9 գոլ եւ 9 գոլային փոխանցում 35 պաշտոնական խաղում։

Սակայն քիչ են այն հանդիպումները, որոնցում Հենրիխն իր արդյունավետ գործողություններով փոխել է խաղի ելքը։ Հայ կիսապաշտպանը երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայում՝ «Արսենալի» եւ «Զենիթի» դեմ արտագնա խաղերում։

Վիճակագրության համաձայն՝ Բունդեսլիգայում նրա կողմից կամ նրա անմիջական մասնակցությամբ խփված 15 գոլերից 11-ը գրանցվել են այն հանդիպումներում, որոնցում «Բորուսիան» հաղթել է երեք կամ ավելի գոլերով։ Ավելի բարդ խաղերում, ինչպիսին էին «Բավարիայի», «Բայերի» կամ «Շալկեի» դեմ հանդիպմները, Մխիթարյանը չկարողացավ օգնել իր թիմին հասնել դրական արդյունքի։ Նույնիսկ առաջին դերբիում կատարած երկու գոլային փոխանցումները չեն արդարացնում Հենրիխի ոչ վառ խաղը։

Հաշվի առնելով Մխիթարյանի տրանսֆերային արժեքը՝ նրա տեղափոխությունն ամենաանհաջողն է «Բորուսիայի» համար։ Հայ կիսապաշտպանը, անկասկած, չափազանց տաղանդավոր է եւ մեծ աշխատանքի շնորհիվ կարող է բարելավել իր խաղն առաջիկայում»,- գրում է կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում