15:20  ,  20 նոյեմբերի, 2013

Արթուր Գեւորգյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ (ֆոտո)

Երեւանի Royal Tulip հյուրանոցում կայացավ Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովը: Օրակարգում դրված էր 2009-2013 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքներին վերաբերող զեկույց-ամփոփումը, որը ներկայացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արման Մուրադյանը, ով այժմ Մոսկվայում է, զբաղվածության պատճառով հրաժարական է տվել: Օրակարգի հաջորդ կետը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ֆեդերացիայի նախագահի թեկնածուն մեկն էր՝ Արթուր Սամվելի Գեւորգյանը:

Նա Ազգային ժողովի պատգամավոր է, 1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով։ 1989-ին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։ 1996 թվականին ընդունվել եւ 2000-ին ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1998-ին անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։ 1996-ին Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը` հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերից։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1998-ին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2000-ին մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին։ 1995-2002-ին դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում: Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմականացված ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանի որդին է: Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն:

Նորընտր նախագահը ծանոթացավ ՀԲՖ-ի 2009-2013թթ. հաշվետվությանը եւ հատուկ առանձնացնելով խնդիրներն ասաց.

«Լսեցի զեկույցը: Հատկապես ինձ դուր եկավ քննադատական մասը, այն է, որ մարզերում բռնցքամարտը ունի շատ խնդիրներ: Մարզերը բռնցքամարտի դարբնոց են եւ դա մեկ անգամ եւս վկայում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հենց մարզերում բռնցքամարտի զարգացմանը: Այն մարզիչները, ովքեր հավակնություն ունեն դառնալու հավաքականի գլխավոր մարզիչ, թող առաջիկա 15 օրերի ընթացքում ներկայացնեն աշխատանքային ծրագիր: Մեր հաջորդ հանդիոպումը տեղի կունենա 15 օր անց: Հենց այդ ժամանակ էլ կընտրվի ֆեդերացիայի նոր կազմը: Այս օրերի ընթացքում ես պատրաստվում եմ շրջել մարզերում եւ ծանոթանալ ընդհանուր վիճակին»:

Արթուր Գեւորգյանը կոչ արեց ներկաներին, որ աշխատեն միասնական եւ համակարգված։

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում