15:20 20 նոյեմբերի, 2013Երեւանի Royal Tulip հյուրանոցում կայացավ Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 5-րդ համաժողովը: Օրակարգում դրված էր 2009-2013 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքներին վերաբերող զեկույց-ամփոփումը, որը ներկայացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
Ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արման Մուրադյանը, ով այժմ Մոսկվայում է, զբաղվածության պատճառով հրաժարական է տվել: Օրակարգի հաջորդ կետը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ֆեդերացիայի նախագահի թեկնածուն մեկն էր՝ Արթուր Սամվելի Գեւորգյանը:
Նա Ազգային ժողովի պատգամավոր է, 1987 թվականից զբաղվել է բռնցքամարտով։ 1989-ին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։ 1996 թվականին ընդունվել եւ 2000-ին ավարտել է Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ 1998-ին անունը գրանցվել է ՖԿՊԻ-ի դյուցազնագրքում։ 1996-ին Ատլանտայում կայացած 26-րդ Օլիմպիական խաղերում գրավել է հինգերորդ տեղը` հանդիպումներից մեկում պարտություն կրելով Ֆլոյդ Մեյվեդերից։ Ստացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։ 1998-ին դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ 2000-ին մասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին։ 1995-2002-ին դարձել է միջազգային մրցաշարերի հաղթող, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում: Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, «Սասնա ծռեր» ռազմականացված ջոկատի հրամանատար Սամվել Գեւորգյանի որդին է: Միակ թեկնածուն ընտրվեց միաձայն:
Նորընտր նախագահը ծանոթացավ ՀԲՖ-ի 2009-2013թթ. հաշվետվությանը եւ հատուկ առանձնացնելով խնդիրներն ասաց.
«Լսեցի զեկույցը: Հատկապես ինձ դուր եկավ քննադատական մասը, այն է, որ մարզերում բռնցքամարտը ունի շատ խնդիրներ: Մարզերը բռնցքամարտի դարբնոց են եւ դա մեկ անգամ եւս վկայում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հենց մարզերում բռնցքամարտի զարգացմանը: Այն մարզիչները, ովքեր հավակնություն ունեն դառնալու հավաքականի գլխավոր մարզիչ, թող առաջիկա 15 օրերի ընթացքում ներկայացնեն աշխատանքային ծրագիր: Մեր հաջորդ հանդիոպումը տեղի կունենա 15 օր անց: Հենց այդ ժամանակ էլ կընտրվի ֆեդերացիայի նոր կազմը: Այս օրերի ընթացքում ես պատրաստվում եմ շրջել մարզերում եւ ծանոթանալ ընդհանուր վիճակին»:
Արթուր Գեւորգյանը կոչ արեց ներկաներին, որ աշխատեն միասնական եւ համակարգված։
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am)

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.