09:35  ,  29 օգոստոսի, 2013

Ուսեյն Բոլթը մտադիր է Ռիո-2016-ում նվաճել եւս երեք ոսկե մեդալ

Օլիմպիական խաղերի վեցակի, աշխարհի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլթը մտադիր է 2016թ. Օլիմպիական խաղերում պաշտպանել տիտղոսները եւ դառնալ պատմության մեջ առաջին աթլետը, որը երեք Օլիմպիական խաղեր անընդմեջ կհռչակվի չեմպիոն 100, 200 մետր վազքերում եւ 4 անգամ 100 մետր փոխանցումավազքում։ Այդ մասին Բոլթը հայտարարել է Ցյուրիխում, որտեղ օգոստոսի 29-ին կմասնակցի «Ադամանդե լիգայի» 100 մետր վազքին, հաղորդում է itar-tass-ը։

«Ինձ համար գլխավորը Ռիոում կլինի իմ տիտղոսները պաշտպանելը։ Դա կլինի առաջին անգամ պատմության մեջ։ Ես մտադիր չեմ մասնակցել չորրորդ մրցաձեւի։ Դա վերջնական որոշում է»,- ասել է Բոլթը։

Աթլետիկայում օլիմպիական մեդալների քանակով ռեկորդակիրը ամերիկացի Կարլ Լյուիսն է, որն արագավազքում եւ հեռացատկում նվաճել է 9 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։

«Մոսկվայում կայացած աշխարհի առաջնությունից հետո լավ հանգստացել եմ եւ այսօր պատրաստ եմ ցույց տալ բարձր արդյունք։ Ցյուրիխի վազքուղին միշտ արագ է եղել, եւ այստեղ ես վատ արդյունք ցույց չեմ տվել»,- ասել է Բոլթը, որը 100 մետրում կանխատեսել է 9,70 վայրկյան։ 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը 9,58 է։ Բոլթն այն սահմանել է 2009 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով