13:01  ,  17 ապրիլի, 2012

Աբրահամ. Հայաստանում մենամարտ անցկացնելու ցանկությունը մեծ է

Արթուր Աբրահամը Հայաստան գալիս է միայն հանգստանալու համար: Հայասատնում սիրում է հանգստանալ ընտանիքի` տատիկի, քրոջ հետ: Ամեն տարի այցելում է պապիկի շիրիմին: Այդ մասին պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը հայտարարել է Երեւանում հրավիրած ասուլիսում:

«Հայաստանում մենամարտ անցկացնելու ցանկությունը մեծ է, սակայն կազմակերպելը բարդ է: Առայժմ ես Հայաստան եմ գալիս միայն հանգստանալու համար»,- ասել է Աբրահամը:

Բռնցքամարտիկը հայտարարել է, որ 72,5 կգ քաշային կարգում իրեն ավելի լավ էր զգում, իսկ 76-ում որոշակի դժվարություններ կան, այս տարվա մենամարտերում փորձում է նոր մարտավարություն կիրառել:

Աբրահամը կարծիք է հայտնել գերմանահայ բռնցքամարտիկներ Դավիթ Գրաֆի եւ Սյուզի Կենտիկյանի մասին:

«Դավիթ Գրաֆը լավ բռնցքամարտիկ է, սակայն մենամարտում պետք է ապացուցի իր ուժը:

Նույնպես Գերմանիայում բնակվող Սյուզի Կետիկյանն այնքան ուժեղ է, որ ցանկացած մրցակցի կհաղթի, այդ թվում եւ մայիսին կայանալիք չեմպիոնական մենամարտում: Սակայն Կենտիկյանի մրցակիցը դեռ հայտնի չէ»,- ասել է Աբրահամը:

Մոտ օրերի ծրագրերի մասին Աբրահամը հայտնել է, որ ապրիլի 21-ին մեկնում է Գերմանիա` «թաքնված տեսախցիկ» հաղորդմանը մասնակցելու համար: Նրան կընկերակցի Միսս Գերմանիան: Ապրիլի 26-ին Աբրահամի մարզիչի 70-ամյակն է, որը նշվելու է մեծ շուքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում