13:01  ,  14 ապրիլի, 2012

Կանանց բռնցքամարտը Հայաստանում. ներկայացնում է Ռաֆայել Մեհրաբյանը

Քչերին է հայտնի, որ Հայաստանն ունի բռնցքամարտի կանանց ազգային հավաքական: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ներառված է նաեւ կանանց բռնցքամարտը: Չեմպիոնն ու մրցանակակիրները հայտնի են դառնալու երեք քաշային կարգերում: Լոնդոնում հանդես գալու շանսեր ունեն մեր հավաքականի երկու մարզուհիներ: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ, ով երկար տարիներ գլխավորում էր տղամարդկանց Հայաստանի հավաքականը:

Պարոն Մեհրաբյան, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի մասին տեղեկություններ գրեթե չկան:

Որպես այդպիսին հավաքական չի եղել: Տարբեր մարզուհիներ մարզվել են տարբեր մարզական ընկերություններում: Հայաստանի հավաքականը կազմավորվել է հունվարին, եւ յոթ մարզուհիներ ընդգրկվել են թիմի կազմում:

Իսկ ինչո՞ւ են երկու մարզուհիներ մասնակցում Ծաղկաձորում ընթացող հավաքին:

Ցավոք սրտի, ոչ բոլորն են մասնակցում հավաքին: Ինչպես նշեցիք, երկու մարզուհիներ են հիմա պատրաստվում Ծաղկաձորում: Օլիմպիական վարկանիշային մրցումներին մասնակցելու համար մարզվում են 60 կգ քաշային Արմինե Սինաբյանը եւ 75 կգ քաշային Աշխեն Սիմոնյանը, այսինքն առաջիկա մրցաշարին մասնակցող մեր բռնցքամարտուհիները: Ճիշտն ասած, ես ուզում էի, որ ամբողջ թիմը մարզվեր: Առայժմ կանանց բռնցքմարտը պետական հովանավորություն չունի, միայն բռնցքամարտի ֆեդերացիան է հոգում ծախսերը, եւ հնարավորություն չեղավ հավաքին ընդգրկել բոլոր անդամներին:

Բռնցամարտի կանանց օլիմպիական վարկանիշային մրցաշարը ե՞րբ է անցկացվելու եւ որտե՞ղ:

Մայիսի 10-ից 21-ը Չինաստանում անցկացվելու է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը, եւ դա լինելու է միակ վարկանիշային մրցաշարը Օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար: Վարկանիշ տրվում է յուրաքանչյուր քաշային կարգում կիսաեզրափակիչի մասնակիցներին:

Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզուհիների հնարավորությունները:

Աշխեն Սիմոնյանը նպատակասլաց մարզուհի է, բայց մրցակցական փորձ չունի, ինչը կարող է խոչընդոտել նրա ելույթներին: Բայց օրեցօր նրա մոտ աճ է նկատվում: Չեմ բացառում, որ Սիմոնյանը կարող է անակնկալ մատուցել մրցակիցներին ու հասնել հաջողության: Ինչ վերաբերում է Արմինե Սինաբյանին, ապա այստեղ մեծ ակնկալիքներ կան: Կանանց բռնցքամարտում առավել ուժեղ են համարվում եվրոպացիները, իսկ Սինաբյանը հին աշխարհամասի փոխչեմպիոնն է ու իր քաշային կարգում լավագույններից մեկը: Ինձ թվում է, որ Սինաբյանը շատ լավ հնարավորություն ունի Լոնդոնի ուղեգիր նվաճելու համար:

Պարոն Մեհրաբյան դուք հայտնի եք որպես տղամարդկանց մարզիչ: Կանաց բնռցքամարտը ինչո՞վ է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

Ինձ համար կանանց բռնցքամարտը օտար չէ: Անմիջապես ասեմ, որ տարբերություն շատ կա: Երբ ես աշխատում էի Հունաստանում, մարզում էի նաեւ կանանց թիմը, եւ Եվրոպայի առաջնությունում հույների հավաքականը ունեցավ երկու հաղթող, երկու արծաթե մեդալակիր: Հիմնականում ֆիզիոլոգիական տարբերություն կա, որը բնական է: Մարզիչը պետք է շատ լավ իմանա կանանց օրգանիզմի հնարավորությունները եւ ըստ այդմ շարժվի առաջ: Բնավորության ու մոտեցման տարբերություն էլ կա: Ծանրաբեռնվածությունն էլ համեմատաբար փոքր է, քան տղամարդկանց մոտ:

Կանա՞նց հետ է հեշտ աշխատելը, թե՞ տղամարդկանց:

Կանանց հետ անհամեմատ հեշտ է: Կանայք ավելի կատարող են, ավելի պատասխանատու եւ գումարած` կարգապահ:

Դուք նշեցիք, որ Սինաբյանը օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդ է: Ի՞նչն է առանձնացնում այս բռնցքամարտուհուն:

Նախ, Արմինեն բավականին լավ տեխնիկա ունի եւ ֆիզիկապես էլ է լավ պատրաստված: Ու, ինչը շատ կարեւոր է, Արմինեն շատ կազմակերպված մարզուհի է: Նա գիտի իր բոլոր մրցակիցներին, ուսումնասիրում է նրանց, եւ ես առաջին անգամ եմ հանդիպում նման մարզուհու, ով ուղղակի ապրում է բռնցքամարտով:

Արմինե Սինաբյանը որտե՞ղ է սկսել մարզվել բռնցքամարտով:

Արմինեն ծնվել է Շվեդիայում ու այնտեղ էլ սկսել է մարզվել իր հոր ղեկավարությամբ: Հետագայում նա արդեն մարզվել է Հայաստանում եւ Եվրոպայի առաջնությունից առաջ էլ պատրաստվեց մեզ մոտ: Ներկայումս կանայք բավական հասուն բռնցքամարտ են ցուցադրում ռինգում, բավական լավ պատրաստված են տեխնիկապես եւ տակտիկապես: Ու Արմինեն պատկանում է հենց նման բռնցքամարտուհիների շարքին:

Մինչեւ Չինաստան մեկնելը, վարկանիշային մրցաշարին մասնակցելուց առաջ նպատակահարմար չէ՞ր, որ մրցումների մասնակցեին մեր մարզուհիները:

Մենք փորձեցինք հայտ ներկայացնել երկու մրցաշարերի, որոնք կայանալու են առաջիկայում: Սակայն քանի որ մեր հավաքականը կազմավորվել է հունվարին, ապա հնարավորություն չունեցանք հայտավորվել: Աշխեն Սիմոնյանի համար շատ լավ կլիներ որեւիցե մրցաշարի մասնակցելը: Ամեն դեպքում հերթական հավաքի ընթացքում, որը լինելու է արդեն Աբովյանում, մենք սպարինգների միջոցով կլրացնենք այդ բացը:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Լուսանկարում` Արմինե Սինաբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English