19:43  ,  5 հունիսի, 2013

Արմեն Նազարյան. Փոփոխությունների շնորհիվ ըմբշամարտը կդառնա ավելի դիտարժան

«ՖԻԼԱ-ի փոփոխություններն ըմբշամարտում դրական արդյունք կտան։ Ամենակարեւորն այն է, որ կբացառվի մրցավարների համակրանքը: Այս պայմաններում ըմբիշներն էլ կմտածեն հնարքներով հարուստ, ակտիվ գոտեմարտ վարել, ինչը էլ ավելի դիտարժան կդարձնի ըմշամարտը»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ըմբշամարտի կանոնների փոփոխությունները մեկնաբանեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական, աշխարհի եռակի եւԵվրոպայի վեցակի չեմպիոն,  հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

«Ըմբշամարտում տեղի ունեցած փոփոխությունները դրական արդյունք կտան: Ես սպասում էի այս փոփոխություններին: Դրանք պետք է լինեին, քանի որ մենք՝ ըմբշամարտի ներկայացուցիչներս, ոչինչ չխնայեցինք այս մարզաձեւն օլիմպիական ծրագրում պահելու համար: Այդ ամենին մենք հասանք մեր ջանքերով՝ հացադուլներով, օլիմպիական մեդալներից հրաժարվելով եւ վերադարձնելով: Բայց դեռ վերջնական չենք կարող ասել, որ կանոնների այդ փոփոխություններն ու այդ կոնգրեսները, որոնք արդեն պարբերաբար կայանում են, վերջնական կթողնեն ըմբշամարտը Օլիմպիական խաղերի ծրագրում: Բնական է, որ արդյունք կտան այս փոփոխությունները, բայց դեռ ունենք եւս մեկ համաժողով՝ սեպտեմբերին, որը վերջնական լուծում կտա այս հարցին եւ եզրափակիչ որոշում կլինի:

Ինչ վերաբերում է կոնկրետ փոփոխություններին՝ լրացուցիչ ժամանակի,  գորգից դուրս հրելու վերանալուն, ուժեղագույնների գոտեմարտերը նախնական փուլերից հանելուն, դրանք միայն դրական կազդեն մեր մարզաձեւի վրա: Երբ ես գոտեմարտում էի, իմ ժամանակով այս փոփոխությունները առկա էին, ես չեմ գոտեմարտել լրացուցիչ ժամանակով, հրումով միավոր չեմ վաստակել: Եվ այդօրինակ գոտեմարտերով ես շատ մեդալներ եմ նվաճել: Իմ ժամանակ ամեն ինչ մարզիկների ձեռքին, մրցավարները քիչ դեր ունեին ըմբշամարտում: Այդ պատճառով արդար էր ամեն ինչ: Երբ այս փոփոխություններն ուժի մեջ մտնեն, մենք արդեն ականատես կլինենք իրոք իսկական ըմբշամարտի, դրանք կլինեն ամենահարմար եւ ամենաարդար գոտեմարտերը: Այս պայմաններում ըմբիշներն էլ կմտածեն հնարքներով հարուստ ակտիվ գոտեմարտ վարել, ինչը էլ ավելի դիտարժան կդարձնի ըմշամարտը:

Այդ նոր օրենքները իսկապես ըմբշամարտի համար են: Ամենակարեւորն այն է, որ կբացառվի մրցավարների համակրանքը: Քաշային կարգերի փոփոխությունն էլ իր արդյունքը կտա: Այսուհետեւ կունենանք 6 քաշային կարգ: Քաշային այս փոփոխությունը դրական կանդրադառնա երիտասարդների եւ պատանիների վրա: Նրանք քաշ բարձրացնելու կամ իջեցնելու խնդիր չեն ունենա, երբ մեծահասակների կազմ մտնեն: Վստահեցնում եմ, որ ըմբշամարտը դառնալու է ավելի դիտարժան այս փոփոխությունների շնորհիվ»,- մեկնաբանեց Արմեն Նազարյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Բուլղարիայի սպորտի նախարարության հետ ունեցած ֆինանսական խնդիրներին եւ իր հավանական հրաժարականի մասին հայտարարությանը, Արմեն Նազարյանը նշեց, որ բոլոր խնդիրները կարգավորվել են եւ ինքը չի պատրաստվում գլխավոր մարզիչի պաշտոնը վայր դնել:

«Ես Բուլղարիայի սպորտի նախարարության հետ այլեւս որեւէ խնդիր չունեմ, քանի որ բոլոր ֆինանսական հարցերը կարգավորվեցին: Նրանք արձագանքեցին իմ դիմումներին եւ հայտարարությանը, որ ես հրաժարական կտամ՝ ֆինանսական հարցերը չկարգավորվելու դեպքում, իսկ Բուլղարիայի սպորտի նախարարությունը մի քանի օր անց կատարեց մեր խնդրանքը եւ փոխանցեց մեր բոլոր գումաները:

Ինչպես արդեն հայտնել էի, ես պատրաստվում էի հրաժարական տալ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, քանի որ Բուլղարիայի Սպորտի նախարարությունը մեր հավաքականին ֆինանսավորումը չէր կատարում եւ անհայտ պատճառերով ֆինանսավորումը ձգձգում էր: Ես դիմեցի նախարարություն` խնդրանքով, որ արագացնեն մեր գումարի փոխանցման հարցը եւ հայտարարեցի, որ եթե Սպորտի նախարարությունը չտա այդ գումարները, ես վայր կդնեմ գլխավոր մարզիչի իմ պաշտոնը:

Կարծես, իմ այդ հայտարարությունը մտորելու տեղիք տվեց սպորտի նախարարությանը եւ նրանք մեր բոլոր ֆինանսական հարցերը կարգավորեցին եւ այժմ մենք նախկին տեմպերով շարունակում ենք մեր մարզումները, հավաքները, մարզիկներն այլեւս ֆինանսական խնդիրներից եւ աշխատավարձերից չեն դժգոհում»,- ասաց Արմեն Նազարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս