10:20  ,  30 մարտի, 2012

Հայ ծանրորդները պատրաստվում են Թուրքիայում կայանլիք Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 6-ից 16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի  առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն 69 կգ քաշայիններ,  քասախցի Սամվել  Գրիգորյանը , սամաղարցի Վանիկ Ավետիսյանը, 85 կգ քաշայիններ, երեւանցի Աղասի Աղասյանը, վանաձորցի Վահրամ Գեւորգյանը, 94 կգ քաշայիններ, երեւանցի Վարդան Դավթյանը, բանակային Նորայր Վարդանյանը եւ գերծանրքաշային բանակային Հայկ Հակոբյանը: Առաջատարներից  Եվրոպայի առաջնությանը չեն մեկնի Առաքել եւ Արայիկ Միրզոյանները, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը  եւ Ռուբեն Ալեքսանյանը: Հայաստանը  նաեւ կանանց թիմ չի գործուղի Անթալիա: Նրանք բոլորը անհատական ծրագրով նախապատրսատվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

Հավաքականը  մարտի 23-ից Աբովյանում անցկացնում է հավաք:

Առաջնության նախօրյակին Անթալիայում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը: Կմասնակցեն եվրոպական  51 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը  եւ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը :

Նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ, իտալացի Անտոնիո Ուրսոն, փոխնախագահներ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, բելառուս Ալեքսանդր Կուրլովիչը, օլիմպիական չեմպիոն, ռումինացի Նիկո Վլադը եւ Լեհաստանի ֆեդերացիայի նախագահ  Զիգմունդ  Վասիյելան, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս