09:09  ,  27 մայիսի, 2024

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների համատեղ հավաքը Ծաղկաձորում (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երեք հավաքականներ այս օրերին 14-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Մեծահասակների հավաքականում թիմի հետ մարզվում են նաեւ Փարիզ-2024-ի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը: Հավաքին մասնակցում են մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների թիմերը:

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը Ծաղկաձորի հավաքից հետո Բուդապեշտում կմասնակցեն միջազգային մրցաշարի, որը տեղի է ունենալու հունիսի 4-8-ը:

Երիտասարդներն ու պատանիները հունիսի 24-30-ը Սերբիայում կմասնակցեն մինչեւ 17 եւ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ծաղկաձորյան հավաքով սկսել են Փարիզի Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու օլիմպիականներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը ուղեգրերը նվաճել են 2023 թվականի աշխարհի առաջնությունում:

Եվրոպայի քառակի, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբային՝ նվաճելով երրորդ բրոնզե մեդալն ու Փարիզ-2024-ի ուղեգիր:

Նույն առաջնությունում 65 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը 5:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սակուլտային՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ օլիմպիական ուղեգիր:

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English