19:45  ,  16 սեպտեմբերի, 2023

ԱԱ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը 0:7 հաշվով պարտվեց աշխարհի փոխչեմպիոն,  ԱՄՆ ներկայացնող Զեյն Ռեդերֆորդին:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 5:2 հաշվով հաղթել էր Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր,  Ճապոնիայի ներկայացուցիչ Յոշինոսուկի Աոյագիին:

1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին:

Մեկնարկում 4:1 հաշվով պարտության էր մատնել Չինաստանի ներկայացուցիչ Նան Կաոյի հետ: 

Արման Անդրեասյանը հանդես է գալիս ոչ օլիմպիական քաշային կարգում:

Սեպտեմբերի 17-ին Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Սեպտեմբերի 16-ին մրցագորգ դուրս եկած Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը որակավորման փուլում 0:5 հաշվով պարտվել է չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող բելառուս Անդրեյ Բեկրենեւին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ),  Հրայր Ալիխանյանը  (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

ԱԱ-ն Փարիզ 2024-ի համար վարկանիշային է։

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերն են` 57 կգ, 65 կգ, 74 կգ, 86 կգ, 97 կգ եւ 125 կգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում