12:10  ,  25 մարտի, 2023

Մեսիին վերադարձնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին վերադարձնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի կրճատել ծախսերը եւ վաճառել մի քանի ֆուտբոլիստի, որպեսզի համապատասխանի ֆինանսական արդար խաղի պայմաններին, հաղորդում է ESPN-ը։

Կատալոնական ակումբը ստիպված կլինի կրճատել թիմի վետերաններ Սերխիո Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի վարձատրությունը։ Իսպանական մամուլն արդեն գրել էր, որ երկու ֆուտբոլիստներն էլ ամռանը կվաճառվեն, եթե համաձայնություն չտան աշխատավարձի կրճատման։

Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսին։ «Բարսելոնան» նրան կառաջարկի ոչ այնքան բարձր աշխատավարձ, սակայն տիտղոսներ նվաճելու դեպքում՝ ակումբի ընդհանուր եկամուտից որոշակի տոկոս կվճարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում