10:04  ,  4 օգոստոսի, 2021

Հովհաննես Բաչկով. Զգում եմ բոլորիդ աջակցությունը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ու առնվազն բրոնզե մեդալ ապահոված Հովհաննես Բաչկովը (63 կգ) երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 6-ին Հովհաննես Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:

Հայաստանի հավաքականի ավագը Տոկիո-2020-ում հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով