07:19  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակն ու մեդալը (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը տպավորիչ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0, դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Էլնուր Աբդուրաիմովի հետ մենամարտի առաջին ռաունդում բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին, երկրորդ ռաունդում եւս նույն հրաշալի պատկերն էր Բաչկովի համար։ Որոշիչ երրորդ ռաունդում էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց մրցակցին դիպուկ հարվածաշարերով:

Հովհաննես Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոուն Դեւիսը, որը քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով հաղթել է ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Նախորդ անգամ օլիմպիական մեդալ բռնցքամարտում Հայաստանը նվաճել էր 2008թ․ Պեկինի Խաղերում։ Վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականի ավագը Տոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 25-ին մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ էր տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ (5։0)։ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տոնել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Տոկիո-2020-ում, բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանն ու Արման Դարչինյանն ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ