10:04 4 օգոստոսի, 2021Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած ու առնվազն բրոնզե մեդալ ապահոված Հովհաննես Բաչկովը (63 կգ) երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
«Ինձ համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև զգում եմ բոլորիդ աջակցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Հովհաննես Բաչկովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ:
Հայաստանի հավաքականի ավագը Տոկիո-2020-ում հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին:
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականն այս պահին ունի 4 մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.