23:05  ,  12 հունիսի, 2021

Էրիկսենը հիվանդանոցից զանգել է Դանիայի հավաքականի ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցրած Կրիստիան Էրիկսենը հիվանդանոցից Facetime-ի տեսակապով զանգել է թիմակիցներին և հայտնել, որ իր վիճակը կարգավորվել է, որպեսզի նրանք շարունակեն խաղը: Այդ մասին սոցցանցերում հայտարարել է Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի տնօրեն Պիտեր Մոլերը:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում անցկացվող հանդիպումը 43-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվեց մոտ 2 ժամ անց:  Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունն առաջին խաղակեսի վերջնամասում և ընկել խոտածածկին: Հանդիպման վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով:

Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները պայքարում էին իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստի կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Դրանից հետո ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ դանիացի ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս