18:08  ,  12 հունիսի, 2021

Վասիլի Ուտկին. Ադրբեջանի համար դեռ վաղ է մասնակցել համաեվրոպական սպորտային միջոցառումների

Ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն անդրադարձել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի աշխատակից Միխայիլ Մոսակովսկու շուրջ ստեղծված իրավիճակին: Եվրո-2020-ի հավատարմագրում ունեցող ռուս մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն նախօրեին Բաքվի օդանավակայանում թույլ չէին տվել հատել Ադրբեջանի սահմանը և նույն ինքնաթիռով հետ էին ուղարկել Մոսկվա։ Նա պետք է լուսաբաներ հունիսի 12-ին Բաքվում նախատեսված Ուելս - Շվեյցարիա Եվրո-2020-ի առաջին տուրի հանդիպումը։ Մեկնաբանը մի քանի տարի առաջ այցելել է Արցախի Հանրապետություն, իսկ անցած տարի եղել է Հայաստանում։

«Ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ, ավաղ, Ադրբեջանի համար դեռ վաղ է մասնակցել համաեվրոպական սպորտային միջոցառումներին: Դա ՈւԵՖԱ-ի մեծագույն սխալն է: Միանգամից 2 միջադեպ Նոբելի ու Մոսակովսկու վերաբերյալ: Պետք է հասունանալ: Իսկ հիմա դեռ վաղ է»,- գրել է Ուտկինը Տելեգրամում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով Եվրո-2020-ի հավատարմագրում չէր ստացել «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, սակայն Ռուսաստանի ԱԳՆ-ի միջամտությամբ խնդիրը լուծվել էր։ Իսկ «Матч ТВ»-ի մեկ այլ մեկնաբան Կոնստանտին Գենիչը չի ստացել Եվրո-2020-ի լուսաբանման հավատարմագրումը Բաքվի կազմկոմիտեի մերժման հետևանքով։ Նա նույնպես 2009 թվականին այցելել է Արցախի Հանրապետություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով