23:29  ,  11 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ռուս մեկնաբանին Բաքվից հետ են ուղարկել Մոսկվա

Եվրո-2020-ի հավատարմագրում ունեցող «Матч-ТВ»-ի մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել հատել սահմանը եւ նույն ինքնաթիռով հետ են ուղարկել Մոսկվա։ Նա պետք է լուսաբաներ հունիսի 12-ին Բաքվում նախատեսված Ուելս - Շվեյցարիա հանդիպումը։ Մեկնաբանը մի քանի տարի առաջ այցելել է Արցախի Հանրապետություն, իսկ անցած տարի եղել է Հայաստանում։

«Թույլ չտվեցին Ադրբեջան մտնել։ Վաղը պետք է մեկնաբանեի Շվեյցարիայի եւ Ուելսի հանդիպումը։ Սահմանին անձնագրիս մեջ տեսան հայկական կնիքը, խնդրեցին սպասել, հետո ուղեկցեցին Մոսկվա մեկնող թռիչքին։ Ոչ մի հարցի չպատասխանեցին։ Հավատարմագրման հաստատման եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայից ստացած թղթին չնայեցին։ Վերադարձա նույն ինքնաթիռով, որով ժամանել էի Բաքու։

Անմիջապես պատասխանեմ գլխավոր հարցին․ այո, Ղարաբաղում եղել եմ։ Մի քանի տարի առաջ եղել եմ այնտեղ անցկացված ֆուտբոլային մրցաշարի։ Եթե պատճառը դա է, այլ ոչ թե անցած տարվա հայկական սահմանի կնիքը, ապա ադրբեջանցի սահմանապահներին հարց չունեմ։ Հարցերը կազմկոմիտեին են։ Հավատարմագրման բոլոր հայտերը ստուգում են ուժայինները։ Եթե որեւէ մեկը հայտնվել է սեւ ցուցակներում, ապա ինչո՞ւ չհայտնել այդ մասին։ Բաքուն հաստատել է իմ հավատարմագրումը, ես վաղվա խաղի ցուցակներում կամ, ունեմ հրավեր ադրբեջանական ֆեդերացիայից»,- Տելեգրամում գրել է Մոսակովսկին։

Բաքվում կանցկացվեն նաեւ Եվրո-2020-ի խմբային փուլի Թուրքիա – Ուելս (հունիսի 16), Շվեյցարիա - Թուրքիա (հունիսի 20) եւ քառորդ եզրափակիչի մեկ հանդիպում (հուլիսի 3)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս