15:06  ,  8 ապրիլի, 2021

Ռաֆիկ Հարությունյան. Արդյունքիցս գոհ չեմ, բայց շատ ուրախ եմ մեծահասակներում առաջին մեդալիս համար

Գոհ չեմ իմ մասնակցությունից։ Պոկում վարժությունում շատ քիչ բարձրացրի, բայց շատ ուրախ եմ փոքր բրոնզե մեդալի համար։ Առաջինն էր մեծահասակներում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իր ցույց տված արդյունքը։

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց չորրորդ տեղը (երկամարտ` 346 կգ, 150+196):

Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի։

«Սա իմ առաջին մեդալն էր մեծահասակներում, ինչի համար շատ ուրախ եմ։ Անձնական ռեկորդ գրանցեցի հրում վարժությունում։ Նախորդը անգամ հրել էի 194 կգ։ Ընդհանուր արդյունքիցս գոհ չեմ, պոկում վարժությունում քիչ բարձրացրի։ Ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իմ կարծիքով, կարող էի ավելին»,-ասաց Ռաֆիկ Հարությունյանը։

Հարությունյանը դարձել էր B խմբի հաղթող: A խմբի մրցման ավարտից հետո Հայաստանի ներկայացուցիչը պայքարն ավարտեց 4-րդ տեղում: Այս քաշում չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Անտոնինո Պիցոլատոն 370 կգ երկամարտի արդյունքով, արծաթե մեդալակիր դրաձավ բուլղարացի Կարլոս Նասարը (369 կգ), իսկ բրոնզե մեդալակիր Լատվիան ներկայացնող Ռիտվարս Սուարեւս (347 կգ):

21-ամյա հայ ծանրորդին մեկ կիլոգրամ չհերիքեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճելու համար:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 8-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում՝ Անդրանիկ Կարապետյան եւ Կարեն Ավագյան, Երեւանի ժամանակով 17:50-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս