15:49  ,  6 նոյեմբերի, 2020

«Գանձասար-Կապանը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնության ու Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած նիստի ընթացքում որոշում է ընդունվել հաջորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանին» զրկել Հայաստանի առաջնության ու Գավաթի խաղարկության մասնակցության իրավունքից, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Պրեմիեր լիգայի առաջնության ընթացքում հետագա մասնակցությունից
հրաժարվելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ
հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել VBET
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունից, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող
բոլոր մրցումների խաղերին մասնակցելու իրավունքից զրկել՝ հաջորդ մրցաշրջանում
միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ,
«Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
«Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Գավաթի խաղարկության ընթացքում հետագա մասնակցությունից հրաժարվելու
համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 4-րդ կետի
համաձայն՝ «Գանձասար-Կապան» թիմին հեռացնել ԳԽ մրցաշարից, VBET
Հայաստանի Գավաթի խաղարկությունից, հաջորդ մրցաշրջանում Գավաթի
խաղարկության մասնակցության իրավունքից զրկել, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին
տուգանել 500000 ՀՀ դրամի չափով:
«Գանձասար-Կապան» ՖԱ-ն՝ սեփական դիմումի համաձայն, VBET Հայաստանի
Պրեմիեր լիգայի առաջնությունից և VBET Գավաթի խաղարկությունից հրաժարվելու
համար, հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման
կանոնակարգի 17-րդ հոդվածի 17.06- կետը՝ չեղյալ համարել և զրոյացնել
«Գանձասար-Կապան» թիմի և մրցակից թիմերի կողմից կայացած խաղերի
ընթացքում ձեռք բերված միավորները»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանը» պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում մրցելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ մասին ակումբը հայտնել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին ուղղված բաց նամակում:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում