13:15  ,  3 նոյեմբերի, 2020

«Գանձասար-Կապանը» դադարեցնում է ելույթները

«Գանձասար-Կապանը» պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում մրցելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այդ մասին ակումբը հայտնել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին ուղղված բաց նամակում:

«Բաց նամակ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին

Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։

ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։

Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։

Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:

Հարգանքներով՝

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Գանձասար-Կապանը» 8 խաղից հետո 7 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում