Արթուր Ալեքսանյանի ու Կարապետ Չալյանի դիմավորումը «Զվարթնոցում» (ֆոտոշարք)

10:39   7 օգոստոսի, 2021

Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, Տոկիո-2020 օլիմպիական փոխչեմպիոն, Լոնդոն-2012 օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նախորդ գիշեր օլիմպիական Տոկիոյից վերադարձավ հայրենիք: Նրա հետ հայրենիք վերադարձավ նաեւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանն (77 կգ) ու անձնական մարզիչն ու հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը: Նրանք օլիմպիական Տոկիոյից Երեւան ժամանեցին Տոկիո-Դոհա-Երեւան չվերթով օգոստոսի 7-ին՝ ժամը 00:50-ին:

«Զվարթնոց» օդանավակայանում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում վիճարկելի մրցավարության պատճառով արծաթե մեդալի արժանացած Արթուր Ալեքսանյանին մեծ շուքով դիմավորեցին, բայց առանց հայկական զուռնա-դհոլի, ինչպես դիմավորել էին Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին:

Արթուր Ալեքսանյանին ժամանման սրահում մեծ թվով երկրպագուներ էին սպասում: Դիմավորողների շարքերում էին նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները, Արթուրի մայրը, եղբայրը, հարազատներն ու ընկերները: Սպորտային ղեկավարությունից ներկա էին ՀԱՕԿ փոխանագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ ԿԳՄՍ նախարարության սպորտի եւ քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Օլիմպիական փոխչեմպիոնին այս անգամ էլ չդիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը:

Օլիմպիական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակրին դիմավորեցին ծափերով, դափնիներով, պաստառներով: Դերենիկ Գաբրիելյանն Արթուր Ալեքսանյանին հանձնեց երկու դափնե պսակներ, որոնցից մեկը չարժանացած օլիմպիական ոսկե մեդալի պատվին:

Արթուր Ալեքսանյանը ժամանման սրահ դուրս եկավ առանց օլիմպիական մեդալը պարանոցին: Օլիմպիական չեմպիոնն ասաց, որ միտումնավոր չի կախել մեդալը, քանի որ իր մեդալի գույնը չէ:

Ի դեպ, Արթուր Ալեքսանյանի հետ հայրենիք վերադարձած Կարապետ Չալյանն օգոստոսի 7-ին նշում է ծննդյան 28-ամյակը: Այդ մասին «Զվարթնոցի» սպասասրահում հավաքվածներին հիշատակեց Արթուր Ալեքսանյանը:

Ծննդյան շնորհավորանքներն ընդունելուց հետո Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը խոստովանեց, որ չի պատրաստվում այն նշել, քանի որ հայրենիք է վերադարձել առանց օլիմպիական մեդալի:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին ծափերով ճանապարհեցին Գյումրի:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է:

Տոկիո-2020-ում հայ մարզիկներից հանդես եկան նաև ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ)

Նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։