07:08  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Էլմիրա Կարապետյանը գրավեց 18-րդ տեղը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ 

Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։ Փոխչեմպիոն դարձավ բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4։ Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։

Էլմիրա Կարապետյան 

Ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան

Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է: 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող է, նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:

2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել էր Եվրոպայի առաջնության արդյունքներով:

Ամուսնացած է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով