06:58  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Լեւոն Աղասյանն ավարտեց պայքարը

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանն ավարտեց պայքարը Տոկիո-2020-ում: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը չկարողացավ հաղթահարել եռացատկի նախնական փուլի արգելքը:

Կապանցի եռացատկորդը հանդես եկավ B խմբում եւ գրանցեց 16,42 մետր արդյունք: Այս խմբում Աղասյանը 16 մասնակիցների մեջ 11-րդ տեղը զբաղեցրեց:

B խմբում եզրափակիչ դուրս եկավ 3 եռացատկորդ՝ պորրտուգալացի Պեդրո Ռիկարդոն (17,71 մետր), թուրք Էր Նեկատին (17, 13 մետր) եւ Ալժիրի ներկայացուցիչ Տրիկի Յասեր Մոհամեդը (17,05 մետր):

Նշենք, որ Օլիմպիական խաղերի եզրափակիչի նորմատիվը 17,05 մետր արդյունքն էր: Լեւոն Աղասյանը չբարելավեց նաեւ իր լավագույն արդյունքը, որը 17,16 մետր էր: Այս արդյունքը Աղասյանը գրանցել էր 2021 թվականի մայիսի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի բաց առաջնությունում, որտեղ էլ նվաճել էր Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Տոկիո-2020-ում 12-րդ մրցումային օրվա առավոտյան մրցահերթում Հայաստանի օլիմպիական հավաքականից հունահռոմեական ըմբշամարտի 1/8 եզրափակիչում պայքարի մեջ կմտնի Կարեն Ասլանյանը (67 կգ): 26-ամյա ըմբիշը կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:

Ավելի ուշ բռնցքամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում