07:40  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտություն կրեց (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանն (75 կգ) ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

Քառորդ եզրափակիչում վանաձորցի բռնցքամարտիկը մենամարտեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ և հաղթանակի դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ, սակայն հաջողության չհասավ: Առաջին ռաունդում Էումիր Մարցիալը հաղթեց նոկաուտով:

Մենամարտի սկզբնամասում Դարչինյանը մի քանի հարված բաց թողեց, ինչից հետո ռինգի մրցավարը հաշիվ բացեց: Առաջին ռաունդի ավարտից 53 վայրկյան առաջ հայ բռնցքամարտիկն ուժգին հարված բաց թողեց ծնոտին և հայտնվեց ռինգի հատակին: Մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էումիր Մարցիալին, որն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիո-2020-ում Արման Դարչինյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ: 

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է միայն 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը մեկնարկային 2 գոտեմարտերում հաղթել է Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանին և ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երևանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր  Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:

Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:

Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:

Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:

Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:

Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ