12:27  ,  27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանը մեդալ չնվաճեց (ֆոտո)

Իզաբելլա Յայլյանը չկարողացավ մեդալ նվաճել Տոկիո-2020-ում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին տեղի ունեցավ ծանրամարտի կանանց 59 կգ քաշայինների A խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով (95+110) զբաղեցրեց 7-րդ տեղը:

Պոկում վարժության առաջին մոտեցմամբ Յայլյանը հաջողությամբ կատարեց 90 կգ պատվերը: Երկրորդ մոտեցմամբ վստահ պոկեց 95 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 97 կգ, որը Յայլյանին չհաջողվեց պոկել: Պոկում վարժությունից հետո 26-ամյա մարզուհին 95 կգ արդյունքով 9 մասնակիցների մեջ գրանցեց չորրորդ արդյունքը: Այս վարժությունում օլիմպիական ռեկորդով հաղթեց Չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն էր, որը պոկեց 103 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Յայլյանը գլխավերևում պահեց 110 կգ ծանրաձողը: Երկրորդ և երրորդ փորձով Յայլյանը չկարողացավ հրել 115 կգ եւ այս վարժությունում պայքարն ավարտեց 110 կգ արդյունքով:

Օլիմպիական չեմպիոն դարձավ Չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն, որն օլիմպիական ռեկորդ գրանցեց երկամարտում (236 կգ), հրում (103 կգ) ու պոկում (133 կգ) վարժություններում: Արծաթե մեդալ նվաճեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Պոլինա Գուրյևան (217 կգ), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Ճապոնիայի ներկայացուցիչ Միկիկո Անդոհին (214 կգ):

Տոկիո-2020-ի ծանրամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) հանդես կգա օգոստոսի 3-ին:

Իզաբելլա Յայլյան, ծանրամարտ, 59 կգ քաշային կարգ

Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Երեւանում:

Անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան:

Իզաբելլա Յայլյանը  2009 եւ 2010 թվականների պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2011-2012 թվականների պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2013 թվականի երիտասարների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2014 եւ 2015 թվականների մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն,  2017 թվականի Ալբանիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի բրոնզե մեդալակիր:

Իզաբելլա Յայլյանը 2018-ին դարձել է Հայաստանի մեծահասկաների չեմպիոն, 2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցրելով 5-րդ տեղը: 2021 թվականի Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առջնության պոկում վարժության փոխչեմպիոն է, երկամարտի արդյունքով 4-րդը:

Ամուսնացած չէ։

Մեկ տարի որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին: Իզաբելլա Յայլյանի ուղեգիրը հաստատվել է հունիսի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ