11:33  +04,  21 մայիսի, 2019

«Լոռիի» դեմ խաղից առաջ «Փյունիկը» խնդրել է փոխել մրցավարին, ՀՖՖ-ն մերժել է

Երեւանի «Փյունիկը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վանաձորի «Լոռիի» դեմ Հայաստանի առաջնության 34-րդ տուրի սկանդալային խաղին (2:2): Վանաձորում տեղի ունեցած հանդիպման 85-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը 2:2 հաշվի ժամանակ ակնհայտ 11 մետրանոց չէր նշանակել «Փյունիկի» օգտին:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ» - «Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի եւ, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։

Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի եւ անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության եւ ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա եւ դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։

Հատկանշական է, որ մայիսի 18-ին, ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղը սպասարկող գլխավոր մրցավարին նշանակելուց մեկ օր անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի եւ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ եւ խնդրելով փոխարինել նրան։ Գրության պատճենը կցում ենք։ Ցավոք սրտի, ՀՖՖ-ն չի ընդունել այդ խնդրանքը։

Մրցավարական համակարգում վճռական եւ խորքային փոփոխությունների կարիքը վաղուց է հասունացել եւ ակնհայտ է բոլորի համար։ Ցավոք սրտի, մինչ օրս այդ ուղղությամբ չեն արվել հստակ եւ արդյունավետ քայլեր, որի հետեւանքները մենք զգում ենք այսօր։

Նման երեւույթները անհանդուրժելի են եւ պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից։ Դրանից տուժում են բոլորը՝ ակումբները, որոնց ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերացվում է մրցավարի անհավանական սխալներով, պատանի ֆուտբոլիստները, որոնք տեսնում են ֆուտբոլի անարդարության ողջ տգեղությունը եւ մեծ հիասթափություն ապրում, հայկական ֆուտբոլի հեղինակությունը երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում, հայկական ֆուտբոլում ներդում կատարող անձինք, եւ ամենակարեւորը՝ երկրպագուները։   

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման, հին «կանոններով» աշխատող եւ իրենց վարկաբեկած մրցավարներից ընդմիշտ ազատման՝ ազնիվ, պրոֆեսիոնալ մրցավարության եւ բոլոր ակումբների միջեւ մրցակցության հավասար պայմանների ապահովման նպատակով։

Ընթացող առաջնությունը առանձնանում էր իր դիտարժանությամբ, լարված եւ հետաքրքիր պայքարով։ Կրկնակի ցավալի է, որ նման առաջնության ելքը կարող է որոշվել ոչ թե խաղադաշտում, ազնիվ պայքարի միջոցով, այլ նմանօրինակ մրցավարության արդյունքում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր հիանալի երկրպագուներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, տվյալ հարցում միասնականության եւ աջակցության համար։ Հորդորում ենք չհիասթափվել, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում։

Մենք վճռական ենք տրամադրված, միասնական ենք, եւ պայքարելու ենք մինչեւ վերջ բաղձալի նպատակին հասնելու համար»,- ասվում է հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ