12:58  +04,  21 օգոստոսի, 2012

Հակոբ Աբրահամյան. Ծանրորդների մի մասը չմասնակցեց վարկանիշային մրցումներին

Ունեինք ծանրորդներ, որոնք օլիմպիական ուղեգրի իրական հավակնորդներն էին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նրանց մի մասը չկարողացավ մասնակցել վարկանիշային մրցումներին եւ զրկվեց Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտնեց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ներկայացուցիչները Պարալիմպիկ խաղերին մասնակցում են 1996 թվականից եւ առայժմ միակ հաջողությունը գրանցվել է Ատլանտայում կայացած Պարալիմպիկ խաղերի ծանրամարտի 82,5 կգ քաշային կարգում (4-րդ տեղ)։

«Դրանից բացի հաջողություն այլեւս չենք ունեցել Պարալիմպիկ խաղերում։ Կարծում եմ՝ Լոնդոնի Խաղերում հաջողություն կգրանցենք։ Ամեն ինչ կախված է մթնոլորտից, մեր մարզիկների տրամադրությունից։ Այս տարի Խաղերին 160 երկրներից կմասնակցի մոտ 4200 մասնակից, որոնք կմրցեն 20 մարզաձեւերում։

Պարալիմպիկ խաղերը բավական դիտարժան են եւ հետաքրքրիր։ Ոչնչով չի տարբերվելու Օլիմպիական խաղերից, նորից ջահ է բարձրացվելու, լինելու է բացման եւ փակման արարողություններ։

Այս խաղերը նույնպես վարկանիշային մրցաշարերի հիման վրա են եւ մեր երկու մարզիկներից Գրետա Վարդանյանն իր ուղեգիրը ձեռք է բերել սպիտակ քարտով, իսկ Մարգարիտա Հովակիմյանն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճեց ուղեգիրը»,- ասաց Հակոբ Աբրահամյանը։

26-ամյա ծանրորդ Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերին մասնակցում է երկրորդ անգամ։ 

«Ես շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ հնարավարություն եմ ստանում ուժերս փորձել Օլիմպիական խաղերում։  Առաջին փորձն անհաջող ստացվեց, բայց դա ինձ չհուսալքեց։ Ես մարզական ոգով տրամադրված գնում եմ Լոնդոն։ Ես ինքս պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ պայքարի մեջ մտնել եւ մինչեւ վերջ պայքարել հաջողության համար»,- նշեց Գրետա Վարդանյանը։

17-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանն առաջին անգամ է փորձելու ուժերն օլիմպիական մրցահարթակում։ Նրա խոսքով՝ եթե լավ արդյունքով չվերադառնա, չի տխրի, քանի որ դեռ 17 տարեկան է։

«Ես առաջին անգամ եմ մասնակցում Պարալիմպիկ խաղերին։ Վախ ընդհանրապես չունեմ։ Շատ լավ եմ պատրաստված։ Կանեմ ամեն ինչ մեդալով վերադառնալու համար։ Վստահ եմ ուժերիս վրա, քանի որ իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Առանց լողի իմ կյանքը չեմ պատկերացնում, առանց ջրի կյանք չունեմ։ Երկար մարզվել եմ, մինչեւ այս Խաղերը ես 100 մետր բրաս լողաոճում ունեմ 2 րոպե 17 վայրկյան արդյունք, հիմա պետք է ավելի լավ արդյունք գրանցեմ։ Եթե կարողանամ մեկ րոպե 55 վայրկյան արդյունք ցույց տալ, կապահովեմ երկրորդ տեղ։ Կփորձեմ անել ամեն ինչ, որ մեդալով վերադառնամ»,- նշեց Մարգարիտա Հովակիմյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ