19:32  +04,  10 ապրիլի, 2019

Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը գոտեմարտեց վրացի Բեկա Լոմտաձեի հետ եւ տպավորիչ կամային հաղթանակ տարավ 17։11 հաշվով։

Առաջին մրցափուլում 0։8 հաշվով պարտվելիս հայ ըմբիշը կարողացավ ընդմիջման գնալ 8։9 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում զարգացնել հաջողությունը՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Կիսաեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը 10։4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին։ Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը մրցակցի չթույլատրված հնարքի հետեւանքով ստացել էր արմունկի վնասվածք, սակայն կարողացավ 0։4 հաշվով պարտվելուց հետո կամային հաղթանակ տանել։

19-ամյա ըմբիշը որակավորման փուլում 14։8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բորուկովին, իսկ քառորդ եզրափակիչում 5։2 հաշվով պարտության էր մատնել թուրք Ռեջեպ Տոպալին։

Սա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի միակ մեդալն է այս առաջնությունում։ Նախորդ անգամ Դավիթ Սաֆարյանն էր հռչակվել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն 2013 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս