18:06  ,  15 փետրվարի, 2019

Գրիգոր Աղեկյան. Հետաքրքիր կլինի ուժերս փորձել ԲԱՏԷ-ի պես մրցակցի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը բելառուսական «Իսլոչի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ունեի կարիերաս շարունակելու 2-3 տարբերակ, սակայն ընտրեցի «Իսլոչը»: Ցանկանում եմ խաղալ այստեղ եւ օգտակար լինել թիմին: Հրաշալի կոլեկտիվ է, ինձ նորմալ ընդունեցին, արդեն հասցրել եմ ծանոթանալ տղաների հետ: Լավ ծանոթ եմ Ադամսին, որի հետ խաղացել եմ Երեւանի «Բանանցում»: Ուրախ եմ, որ միասին հանդես ենք գալու «Իսլոչում»:

Ինչո՞վ է բելառուսական ֆուտբոլը տարբերվում հայկականից:

Այստեղ անցկացրած խաղերից հետո կարող եմ ասել, որ Բելառուսում ավելի ուժային ֆուտբոլ է: Դա առաջին տարբերությունն է: Նաեւ կցանկանայի նշել, որ Բելառուսի առաջնությունում խաղում են 16 թիմեր, իսկ Հայաստանում՝ ընդամենը 9:

Ի՞նչ նպատակներ ես դնում քո առջեւ:

Ցանկանում եմ հնարավորինս շատ գոլ խփել եւ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

Մարտին «Իսլոչը» Բելառուսի Գավաթի քառորդ եզրափակիչում կմրցի ԲԱՏԷ-ի հետ: Քեզ համար հետաքրքի՞ր կլինի խաղալ այդպիսի թիմի դեմ:

Այո, ԲԱՏԷ-ն լավ թիմ է, այդ պատճառով հետաքրքիր կլինի ուժերս փորձել այդպիսի մրցակցի դեմ խաղում, փոխանցում է «Իսլոչի» կայքը:

Հիշեցնենք, որ Գրիգոր Աղեկյանը «Արցախում» խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում