01:55  ,  14 փետրվարի, 2019

ՉL. «Ռեալը» հաղթանակ կորզեց, «Տոտենհեմը» խոշոր հաշվով հաղթեց «Բորուսիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»:

«Այաքսը» շատ ակտիվ սկսեց հանդիպումը եւ սկզբնամասում ուներ նկատելի առավելություն: Մեկնարկային 10 րոպեներին խաղն անցնում էր «Ռեալի» կիսադաշտում: Արքայական ակումբը հաղթահարեց մեկնարկային ճնշումը եւ աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Մադրիդցիների առաջին վտանգավոր պահը ստեղծեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որի հարվածից հետո «Այաքսի» դարպասապահը հեռացրեց գնդակը: Հոլանդական ակումբն առաջին իրական գոլային պահն ունեցավ 26-րդ րոպեին, երբ սերբ կիսապաշտպան Դուշան Տադիչի հարվածից հետո հյուրերին գոլից փրկեց դարպասաձողը: 36-րդ րոպեին «Այաքսը» կորցեց 100 տոկոսանոց գոլային պահ, իսկ 1 րոպե անց անկյունայինի խաղարկման արդյունքում գրավեց դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղյալ հայտարարեցին գոլը: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մրցավարն օգտվեց VAR համակարգից:

Խաղակեսի վերջնամասն անցավ դաշտի տերերի ակտիվությամբ, եւ թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին մեկական գոլային պահերով, ինչից հետո մադրիդցիները բացեցին հաշիվը: Բրազիլացի Վինիսիուս Ժունիորի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 60-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայում եւ դարձավ մրցաշարի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն: Բաց թողած գոլից հետո «Այաքսը» պաստիվացավ, իսկ «Ռեալը» ստացավ տարածքային առավելություն: Թվում էր, թե հյուրերը վերահսկում են խաղը, սակայն 75-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեխը: Այնուամենայնիվ, վերջնամասում հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել: 87-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն:

Օրվա մյուս խաղում «Տոտենհեմը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց գերմանական Բունդեսլիգայի առաջատար Դորտմունդի «Բորուսիային» եւ վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Անգլիական ակումբը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում:

Այս զույգերի պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 5-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Այաքս» (Հոլանդիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2 (տեսանյութ

Հակիմ Զիեխ, 75 – Քարիմ Բենզեմա, 60, Մարկո Ասենսիո, 87

«Այաքս». Օնանա, Տագլիֆիկո, Բլինդ, Դե Լիգթ, Մազրաուի, Վան դե Բեկ, Դե Յոնգ, Շյոնե (Դոլբերգ, 73), Զիեխ, Տադիչ, Ներես:

 «Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Ռամոս, Նաչո Ֆերնանդես, Ռեգիլոն, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Բեյլ (Վասկես, 61), Վինիսիուս Ժունիոր (Բրահիմ Դիաս, 81), Բենզեմա (Ասենսիո, 73):

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 3:0 (տեսանյութ

Սոն Հյոն-Մին, 47, Յան Վերտոնգեն, 83, Ֆերնանդո Լյորենտե, 86

«Տոտենհեմ». Լյորիս, Օրյե, Ալդերվեյրելդ, Սանչես, Ֆոյթ, Վերտոնգեն, Վինկս, Սիսոկո (Վանյամա, 90+1), Էրիկսեն, Լուկաս Մոուրա (Լյորենտե, 84), Սոն Հյոն-Մին (Լամելա, 90):

«Բորուսիա». Բյուրկի, Հակիմի, Զագադու (Շմելցեր, 77), Տոպրակ, Դիալո, Դելեյնի, Վիտցել, Պուլիշիչ (Լարսեն, 87), Դահուդ, Սանչո (Գերերո, 87), Գյոտցե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում