Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն այս օրերին Հայաստանում է:
Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանը նախօրեին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ամանորյա ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում պատմեց իր համարձակ քայլի պատճառների մասին եւ արժանացավ հատուկ մրցանակի: Սպարտակն էլ իր հերթին նվերներ հանձնեց ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանին: Ներկաները շատ ջերմ ընդունեցին նրան:
Ավելի վաղ ՖԱՖ-ի երկրպագուները Սպարտակին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Նա մոտ 20 տարի չէր եղել Հայաստանում:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: «Ղարաբաղի» դեմ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում