21:39  ,  9 հունվարի, 2019

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ՖԱՖ-ի ամանորյա միջոցառմանը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն անցկացրել է ամանորյա ամենամյա միջոցառումը:

Հաճելի մթնոլորտում անցած երեկոյի ընթացքում ընտրվեցին լավագույն նորեկ երկրպագու եւ երկրպագուհի, տարվա լավագույն ՖԱՖ-ական եւ ուլտրաս, ցուցադրվեցին հումորային տեսանյութեր:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ֆուտբոլիստներ Արթուր Եդիգարյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, Վահագն Մինասյանը, ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի ղեկավար Ռոբերտ Արզումանյանը, ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ Գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը:

Երեկոյին մասնակցեց նաեւ Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագու Սպարտակ Ադամյանը, որը ներկաներին պատմեց իր համարձակ քայլի պատճառների մասին:

«ՖԱՖ-ի համակրանք» մրցանակին արժանացավ 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելին, որը տպավորություններով կիսվեց տեսակապի միջոցով: Ղազախական «Ակտոբեի» 34-ամյա կիսապաշտպանն առաջին ֆուտբոլիստն է, որը երկրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին: ՖԱՖ-ի ներկայացուցիչները Մարկոսի մրցանակը փոխանցեցին Արմեն Գյուլբուդաղյանցին:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում