13:47  ,  23 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանը պարտվեց 2:12 հաշվով եւ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում մրցել է Կուբայի ներկայացուցիչ Ֆրանկլին Մարեն Կաստիլոյի հետ եւ պարտվել է 2:12 հաշվով: Գոտեմարտն ավարտվել է ժամանակից շուտ:

Հիշեցնենք, որ երկու հաղթանակ տանելուց հետո Դավիթ Սաֆարյանը քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել էր բելառուս Ադամ Բատիրովին: Քանի որ 33-ամյա Բատիրովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, Դավիթ Սաֆարյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր հունգարացի Նորբերտ Լուկաշին: 1/8 եզրափակիչում Սաֆարյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովից:

Ազատ ոճի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները ավելի վաղ լքել էին պայքարը:

Որակավորման փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ հայ ըմբիշին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց կուբացի Անդրեու Օրտեգային եւ լքեց պայքարը:

Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ է մտել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը (97 կգ), որը որակավորման փուլում պարտվել է ղազախ Մամեդ Իբրագիմովին (2:2) եւ դուրս մնացել պայքարից: Եթե Մամեդ Իբրագիմովը հասներ եզրափակիչ, Կետոեւը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն ղազախ ըմբիշը հաջորդ փուլում 3:14 հաշվով պարտվել է Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլրաշիդ Սադուլաեւին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում