16:00  ,  22 հոկտեմբերի, 2018

ԱԱ-2018. Դավիթ Սաֆարյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը չկարողացավ դուրս գալ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Երրորդ գոտեմարտում 70 կգ քաշային Սաֆարյանը ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտություն կրեց 33-ամյա բելառուս Ադամ Բատիրովից: Եթե Բատիրովը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Դավիթ Սաֆարյանը հնարավորություն կստանա հոկտեմբերի 23-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում բելառուս ըմբիշի մրցակիցը կլինի ուկրաինացի Անդրեյ Կվիտակովսկին:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր հունգարացի Նորբերտ Լուկաշին: 1/8 եզրափակիչում Սաֆարյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով ուժեղ էր գտնվել Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովից:

Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ հայ ըմբիշին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ջաբուրյանը 3:6 հաշվով պարտվեց կուբացի Անդրեու Օրտեգային եւ լքեց պայքարը:

Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ է մտել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գեորգի Կետոեւը (97 կգ), որը որակավորման փուլում պարտվել է ղազախ Մամեդ Իբրագիմովին (2:2) եւ դուրս մնացել պայքարից: Եթե Մամեդ Իբրագիմովը հասներ եզրափակիչ, Կետոեւը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն ղազախ ըմբիշը հաջորդ փուլում 3:14 հաշվով պարտվել է Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլրաշիդ Սադուլաեւին:

Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում