13:48  ,  12 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Հայաստանի վերջին ներկայացուցիչը չի պայքարի մեդալի համար

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Սաֆարյանը զրկվեց ազատ ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Քառորդ եզրափակիչում Դավիթ Սաֆարյանը պարտվել էր ղազախ Ակժուրեկ Թանատարովին: Եթե ղազախ ըմբիշը դուրս գար եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանար պայքարել բրոնզի համար, սակայն Թանատարովը կիսաեզրափակիչում պարտվեց հնդիկ Սուշիլ Կումարին: Սաֆարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Դավիթ Սաֆարյանն առանց պայքարի էր դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մեկնարկային գոտեմարտում 23-ամյա Սաֆարյանը պետք է ուժերը չափեր Եգիպտոսի ներկայացուցիչ Աբդու Օմար Աբդու Ահմեդիի հետ, բայց երգիպտացին առողջական խնդիրների հետեւանքով մրցագորգ դուրս չեկավ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչի օգտին գրանցվեց տեխնիկական հաղթանակ:

Քառորդ եզրափակիչում Սաֆարյանը ցավալի պարտություն էր կրել ղազախ Ակժուրեկ Թանատարովից: Առաջին մրցափուլում Սաֆարյանը պարտվել էր 2:3 հաշվով, սակայն երկրորդում վստահ հաղթանակ էր տարել՝ կատարելով երեք միավորանց հնարք՝ 4:1: Վճռորոշ մրցափուլում հայ ըմբիշը հաղթել էր 2:1 հաշվով, սակայն ղազախական կողմը բողոքարկել էր: Մի քանի անգամ տեսագրությունը դիտելուհց հետո մրցավարները եւս մեկ միավոր էրն տվել Թանատարովին` 2:2: Քանի որ ղազախ ըմբիշը վերջինն էր հնարք կատարել, հաղթանակը նրան էր շնորհվել:

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով