19:51  ,  11 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Բրազիլացի ֆուտբոլիստները պարտվեցին եզրափակիչում

30-րդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարն ավարտվեց Մեքսիկայի հավաքականի հաղթանակով:

Եզրափակիչում մեքսիկացիները 2:1 հաշվով առավելության հասան մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Բրազիլիայի հավաքականի նկատամամբ:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ մեքսիկական «Սանթոս Լագունայի» հարձակվող Օրիբե Պերալտան, ով բրազիլացիերի դարպասը գրավեց հանդիպման 27-րդ վայրկյանին եւ 75-րդ րոպեին: Ավելացված ժամանակում պորտուգալական «Պորտուի» բրազիլացի հարձակվող Հալկը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն այս անգամ եւս չկարողացավ ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար խաղում Հարավային Կորեայի թիմը 2:0 հաշվով հաղթել էր Ճապոնիայի հավաքականին:

30-րդ Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլ, տղամարդիկ

1. Մեքսիկա

2. Բրազիլիա

3. Հարավային Կորեա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով