21:11  +04,  22 օգոստոսի, 2018

Արշակ Կորյան. Փողի փոխարեն ընտրեցի ֆուտբոլը

Մերձմոսկովյան «Խիմկիի» նորեկ Արշակ Կորյանը պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ Ռուսաստանի չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվից»: Այս ամռանը «Խիմկին» մեկ մրցաշրջանով վարձակալել էր 23-ամյա հարձակվողին:

«Սա հետընթաց չէր ինձ համար, քանի որ «Լոկոմոտիվի» կազմում գրեթե դուրս չէի գալիս խաղադաշտ: Այժմ իրավիճակը փոխվել է, եւ մարզիչը հույսեր է կապում ինձ հետ: Ունեի նաեւ այլ առաջարկներ, բայց ընտրեցի «Խիմկին»: Այստեղ ինձանով հետաքրքված էր թե՛ ակումբի ղեկավարությունը, թե՛ մարզչական շտաբը:

Ֆինանսական կողմն առաջնային չէ ինձ համար: Փողի փոխարեն ընտրեցի ֆուտբոլը: Այժմ կարիերայիս այն փուլն է, որ չեմ կարող ինձ թույլ տալ «սպասել»: Անհրաժեշտ էր վերջնականապես կողմնորոշվել: Եթե ոչ հիմա, ապա՝ երբեք. իրավիճակն այդպիսին էր: Այո, գուցե ոմանք կասեն, որ մրցաշրջանը երկար է, եւ գուցե շանս կտան ինձ: Չեմ կարող ոչինչ պահանջել «Լոկոմոտիվից», սակայն սեփական կյանքի հարցում պետք է կողմնորոշվել:

Կողմնորոշվել էի դեռ հավաքներից առաջ: Յուրի Սյոմինի հետ զրուցեցինք ու միասին որոշեցինք, որ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելը լավագույն տարբերակը կլինի ինձ համար: Սա ֆուտբոլ է: Այստեղ եթե նեղանաս, ապա միայն ինքդ քեզանից: Ինչ-որ տեղ կար իմ սխալը, որ մարզչական շտաբը չէր վստահում ինձ: Հիմա «Խիմկիում» կշտկեմ դա»,- Կորյանի խոսքը մեջբերում է news.ru-ն:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանի 7 խաղերում Արշակ Կորյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Նա նախորդ մրցաշրջանից առաջ հոլանդական «Վիտեսից» էր վերադարձել «Լոկոմոտիվ», որի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս