15:59  +04,  8 օգոստոսի, 2012

Արթուր Ալեքսանյան. Ամեն ինչում մեղադրում եմ միայն ինձ

«Իրականում ամեն ինչում մեղադրում եմ միայն ինձ. պարտության մեջ էլ, մեր ժողովրդին ընդամենը բրոնզ պարգեւելու համար էլ։ Երբ ամիսներ շարունակ մարզվում ես մի նպատակով, քո առջեւ գերնպատակ ես դնում ոսկե մեդալը ու առաջնորդվում դրանով, ու հանկարծ այս ամենից հետո վերադառնում ես երրորդ տեղի հաղթանակով՝ հիասթափեցնող է»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը  նվաճեց Հայաստանի երրորդ մեդալը։

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ բրոնզե մեդալի համար գոտեմարում տարած փառահեղ հաղթանակիդ համար: Ին՞չ տրամադրություն ունես:

Շնորհակալ եմ։ Հաղթանակս փառահեղ չէր: Բայց կարծում եմ՝ ուրախացրել է մեր ժողովրդին: Տրամադրությունս նորմալ է` ոչ շատ լավ, ոչ շատ վատ:

Դու շատ տխուր էիր  պարգեւատրման ժամանակ եւ հաղթական գոտեմարտի ավարտից հետո: Ինչո՞վ է պայմանավորված տխրությունդ:

Տխրությունս պայմանավորված էր նրանով, որ Լոնդոն էի եկել չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Բայց այնպես դասավորվեց, որ ես պայքարեցի միայն բրոնզի համար: Ավելին չկարողացա։ Ես վստահ էի իմ ուժերի վրա: Եթե վստահ չլինեի՝ այժմ երջանկությունից կփայլեի այս մեդալի համար: Ինձ չի բավականացնում բրոնզը: Ես չէի եկել բրոնզի ետեւից:

Ի՞նչը  քեզ խանգարեց, ի՞նչը չստացվեց:

Անկեղծ ասած, չգիտեմ։ Երեւի լավ մարզավիճակում չէի, ընդհանուր աշխատանքս լավ չէր: Բայց սա հիմնական պատճառ չէ: Ես երկար ժամանակ եւ մեծ ջանքեր եմ ներդրել իմ մարզումների, հավաքների վրա: Այնպես որ, չեմ կարող բացատրել, թե ինչը ինձ խանգարեց, որ պահին ուժերս զիջեցին եւ ես մնացի բրոնզի համար պայքարողների շարքում:
Լարվածությունս էլ էր մեծ: Իրականում, Օլիմպիական խաղերում մարզիկը լարվածություն չի կարող չունենալ: Դա սուտ կլինի: Ես եւս ունեի։ Առաջին իսկ գոտեմարտից ես լարվածություն զգում էի: Բայց փորձում էի անտեսել: Չէր խանգարում ինձ այդ լարվածութունը, միայն զգում էի, որ գոտեմարտերից առաջ եւ ընթացքում լարվում եմ:

Ի՞նչ տեղի ունեցավ քեզ հետ, երբ  դու  քառորդ եզրափակիչում պարտվեցիր  իրանցի Ռեզայիին:

Իմ տրամադրության անկումը սկսվեց հենց այդ պահից: Ես վստահ քայլերով, վստահ իմ ուժերի վրա, գնում էի ոսկու ետեւից: Բայց քառորդ եզրափակիչի անհաջող գոտեմարտը ինձ ստիպեց պայքարը շարունակել միայն բրոնզի համար: Այս ամենը գիտակցելով, ես ինչպես ինձ չմեղադրեմ այս պարտության մեջ: Իրականում ամեն ինչում մեղադրում եմ միայն ինձ։ Պարտության մեջ էլ, մեր ժողովրդին ընդամենը բրոնզ պարգեւելու համար էլ։ Բոլորն ասում են` դեռ  20 տարեկան ես, համամիտ եմ: Համամիտ եմ նաեւ այն մտքի հետ, որ այս  տարիքի շատ մարզիկներ նույնիսկ չեն էլ երազում նման հաջողության մասին: Բայց երբ դու ամիսներ շարունակ մարզվում ես մի նպատակով, քո առջեւ ոսկե մեդալը դնում ես գերնպատակ ու առաջնորդվում դրանով, ու հանկարծ այս ամենից հետո դու վերադառնում ես երրորդ տեղի հաղթանակով, հիասթափեցնող է:

Իմ այս հաղթանակն արդեն գիտակցում եմ: Գիտակցում եմ նաեւ, որ ես դեռ 20 տարեկան եմ: Բայց սա սպորտ է, իսկ սպորտում նշանակություն չունի` 20 տարեկան ես, թե 30:

Դու տպավորիչ գոտեմարտ անցկացրիր թուրք ըմբիշի հետ: Քեզ համար նշանակություն ունի՞ մրցակիցդ ով է` թուրք, ադրբեջանցի, թե այլ ազգության ներկայացուցիչ: Նույն վերաբերմո՞ւնքն է գորգի վրա։

Այդ գոտեմարտին նախորդող գոտեմարտի ժամանակ ես վնասվածք ստացա: Վնասվածքս ինձ շատ էր խանգարում: Անտանելի ցավ էր, բայց երբ իմացա, որ բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտիս մրցակիցը թուրք ըմբիշ է, մոռացա ամեն տեսակ ցավ: Ես միշտ, կապ չունի ինչ մրցաշար է` Եվրոպայի, աշխարհի առաջնություն, թե այժմ արդեն Օլիմպիական խաղեր, եթե մրցակիցս թուրք է կամ ադրբեջանցի, ավելի մարտական եմ տրամադրվում այդ գոտեմարտին` անկախ իմ կամքից: Ես միայն մի նպատակով եմ դուրս գալիս գորգ` տապալել թուրք կամ ադրբեջանցի մրցակցին:

Իսկ այդ պահին ի՞նչն է խոսում քո մեջ:

Հայրենասիրությունը:

Արթուր, ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:

Մեր ժողովրդին: Բայց լավ կլիներ ոսկե մեդալով ուրախացնեի:

Առաջինն ո՞ւմ պատմեցիր հաղթանակիդ մասին:

Մայրիկիս: Նրա խոսքերն ինձ հանգստացրեցին: Նա միայն ասաց` բրոնզը բոլորիս համար ոսկի է. հանկարծ չտխրես: Ես այդ պահին հասկացա, որ ես ոչ թե պարտվել եմ, այլ ընդամենը բրոնզե մեդալ նվաճել: Նա զգացել էր, որ ես այդքան էլ չեմ երջանկացել այդ հաղթանակով: Կարծում եմ, բոլորն էին հասկացել: Բայց հիմա արդեն ամեն ինչ անցել է: Ես դեռ կնվաճեմ ոսկե մեդալ: Կգամ Հայաստան, մի փոքր կհանգստանամ, կբուժեմ կողոսկրս եւ կանցնեմ իմ մարզումների բնականոն հունին:

Ամեն դեպքում ես ուրախ եմ, որ կարողացա երրորդ մեդալը նվաճել Հայաստանի համար: Կարծում եմ, դա կարեւոր քայլ էր:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Grigor Hakobyan 17:52-08/08
Evs mek angam shnorhavorum em boloris Mer Arturi haxtanaki kapakcutyamb, Art jan du el hangarc qez mi mexadri sa sporta isk du qez cucaberecir vorpes heros, chzijecir u payqarecir minchev verj, anagm ete medal el chnvacheir du mez hamar champ es
Edo 01:24-09/08
Apres Artur !
  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ