03:18  ,  8 օգոստոսի, 2012

Լեւոն Ջուլֆալակյան. Արսեն Ջուլֆալակյանից եւ Արթուր Ալեքսանյանից ավելին էինք սպասում

«Ինձ ուրախացնում է, որ մեր տղաները լիարժեք չեն ուրախանում եւ չեն բավարարվում արծաթե եւ բրոնզե մեդալներով: Արթուրի հաղթանակն ինձ շատ ուրախացրեց: Նույնիսկ, նրա կոտրվածքից եւ երկրորդ գոտեմարտում պարտվելուց հետո ես շարունակում էի հավատալ, որ նա այսօր մեզ կուրախացնի»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը` մեկնաբանելով Արթուր Ալեքսանյանի հաջողությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ 96 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Պարոն Ջուլֆալակյան, երկու մեդալ մեկ մարզաձեւում. ակնկալո՞ւմ էիք նման արդյունք:

Արսեն Ջուլֆալակյանից եւ Արթուր Ալեքսանյանից ավելին էինք սպասում: Իմ սպասելիքները մեծ էին նաեւ Յուրի Պատրիկեեւից, բայց չստացվեց: Իսկ Հովհաննես Վարդերեսյանի համար կարող եմ ասել, որ նա շատ ընդունակ եւ լավ տեխնիկա ունեցող ըմբիշ է: Իսկ այսօրվա անհաջողության պատճառը մրցաշարերի փորձի պակասն էր:

Արդեն երեք մեդալ ունենք, սա արդեն ուրախալի է: Նույն մարզաձեւում երկու մեդալ ունենալը ցանկացած երկրի համար էլ հպարտանալու առիթ կլիներ: Շնորհավորում եմ բոլորին: Սա միայն մեր հաղթանակը չէ, մեր ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Ես չեմ ցանկանում հաղթանակներն անձնավորել: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Ֆեդերացիայի, օլիմպիական կոմիտեի լավ աշխատանքի արդյունքն է:

Մեր տղաներն էլ ավելիին են արժանի, բայց եղածով պետք է բավարարվենք: Ամեն դպքում մեր երկու մեդալների արդյունքը գոհացուցիչ է, եւ ինձ ուրախացնում է: Մեր այս հաղթանակները ցույց են տալիս, որ մեր թիմը համարվում է լավագույն եւ առաջատար թիմերից մեկը:

Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալների բոլոր գույներն ունեինք, Oլիմպիական խաղերից միայն բրոնզն ունեինք: Արծաթն ու ոսկին չունեինք: Արծաթը եղավ, մնաց ոսկին: Հիմա մեր աշխատանքները պետք է ուղղենք այս մի բացը լրացնելուն:

Իսկ ոսկու ձգտում յուրաքանչյուր հայ մարզիկի հոգեբանության մեջ կա: Այն, որ ոսկի չունենք` արժե դրա համար տխրել: Սա խթան է թե մարզիկների, թե մարզիչների համար:

Պարոն Ջուլֆալակյան, Արթուրն ու Արսեն Ջուլֆալակյանը պարգեւատրման արարողության ժամանակ այդքան էլ ուրախ չէին իրենց հաղթանակին:

Ցանկացած պայքարող մարզիկ ձգտում է առավելագույնի: Մեր տղաները դասվում են պայքարող ըմբիշների շարքին, ինչի համար ես միայն ուրախ եմ: Մեր ըմբիշները չեն ուրախանում իրենց հաղթանակով, քանի որ չեն բավարարվում բրոնզով եւ արծաթով: Երկուսի դեպքում էլ ուրախությունն ու երջանկությունը լիարժեք կլինի, եթե ոսկի նվաճեն: Ես նրանց հետ արդեն զրուցել եմ, բացատրել եմ, որ այս պահին պետք է եղածով բավարարվենք: Սակայն երբեք պետք է չդադարենք պայքարել: Ես նույն ապրումներն եմ ունենում, երբ տեսնում եմ, որ Արթուրը չի ուրախանում իր բրոնզով: Բազմիցս տղաներին ասել եմ, որ ես եւս չեմ գոհանում նրանով, ինչ ձեռք եք բերում: Սա լավ հատկություն է: Որովհետեւ մարզիկը միշտ պետք է հաղթողի աստիճանին կանգնի եւ ոչ թե մեկ կամ երկու աստիճան ցածր: Հիմա ես գտնում եմ, որ այս Օլիմպիական խաղերում մեր ունեցած հաղթանակներով կարելի է ուրախանալ, բայց ոչ լիարժեք: Միշտ մի փոքր տեղ պետք է թողնել ուրախանալու համար, որպեսզի ձգտելու հատկությունը չկորցնես: Ես ինձ ինչ-որ տեղ լավ եմ զգում, որ մեր մարզիկները լիարժեք չեն ուրախանում եւ հասկանում են, որ պետք է ձգտեն ոսկիի:

Լավ մարզավիճակից բացի, Դուք միշտ կարեւորություն եք տվել նաեւ մարզական հաջողությանը: Այսօր մարզական հաջողությունը մեր կողմի՞ց էր:

Սպորտում շատ կարեւոր է հաջողակ լինելը: Մարզական հաջողությունը բնական է, որ բոլոր մարզիկներին անհրաժեշտ է: Դա չես կարող մարզվել եւ ձեռք բերել: Դա պետք է ունենաս: Բայց հաջողությունից բացի պետք է ունենաս նաեւ լավ մարզավիճակ: Այս երկու կարեւոր պայմանները սերտ կապի մեջ են` թե սպորտային բախտը, թե լավ մարզավիճակը: Սակայն լինում են դեպքեր հայ մարզիկների կյանքում, որ ըմբիշները լինում են լավ մարզավիճակում, բայց նրանց չի ժպտում մարզական հաջողությունը: Օրինակ անհաջողություն է, երբ լավ պատրաստված ես լինում եւ հանկարծ գոտեմարտի ժամանակ վնասված ես ստանում: Ինչպես եղավ այսօր Արթուրի հետ: Բայց Արթուրը շրջանցեց այդ անհաջողությունը եւ ուժեղ կամային հատկություն ցուցաբերեց եւ մինչեւ վերջ պայքարեց իր հաղթանակի համար:

Իսկ Արթուրի վնասվածքը Ձեզ չվախեցրե՞ց:

Նույնիսկ, այդ վնասվածքի դեպքում ես Արթուրի հաղթանակի նկատմամբ անվստահություն չզգացի: Արթուրը բնավորությամբ եւ կամային հատկանիշներով շատ ուժեղ է, պայքարող է եւ իր նպատակին հասնող: Իմ մեջ նույնիսկ կասկած չառաջացրեց Արթուրի երկրորդ գոտեմարտի պարտությունը: Դա գալիս է նրանից, որ ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ հավատում էի Արթուրի ուժերին: Ես վստահ էի Արթուրի ուժերի վրա եւ համոզված էի, որ ինքն էլ է վստահ իր ուժերին,եւ հենց այդ պատճառով էլ նա այսօր ուրախացրեց մեզ եւ մեր ազգին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով