03:18 8 օգոստոսի, 2012«Ինձ ուրախացնում է, որ մեր տղաները լիարժեք չեն ուրախանում եւ չեն բավարարվում արծաթե եւ բրոնզե մեդալներով: Արթուրի հաղթանակն ինձ շատ ուրախացրեց: Նույնիսկ, նրա կոտրվածքից եւ երկրորդ գոտեմարտում պարտվելուց հետո ես շարունակում էի հավատալ, որ նա այսօր մեզ կուրախացնի»:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը` մեկնաբանելով Արթուր Ալեքսանյանի հաջողությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Հիշեցնենք, որ 96 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Պարոն Ջուլֆալակյան, երկու մեդալ մեկ մարզաձեւում. ակնկալո՞ւմ էիք նման արդյունք:
Արսեն Ջուլֆալակյանից եւ Արթուր Ալեքսանյանից ավելին էինք սպասում: Իմ սպասելիքները մեծ էին նաեւ Յուրի Պատրիկեեւից, բայց չստացվեց: Իսկ Հովհաննես Վարդերեսյանի համար կարող եմ ասել, որ նա շատ ընդունակ եւ լավ տեխնիկա ունեցող ըմբիշ է: Իսկ այսօրվա անհաջողության պատճառը մրցաշարերի փորձի պակասն էր:
Արդեն երեք մեդալ ունենք, սա արդեն ուրախալի է: Նույն մարզաձեւում երկու մեդալ ունենալը ցանկացած երկրի համար էլ հպարտանալու առիթ կլիներ: Շնորհավորում եմ բոլորին: Սա միայն մեր հաղթանակը չէ, մեր ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Ես չեմ ցանկանում հաղթանակներն անձնավորել: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Ֆեդերացիայի, օլիմպիական կոմիտեի լավ աշխատանքի արդյունքն է:
Մեր տղաներն էլ ավելիին են արժանի, բայց եղածով պետք է բավարարվենք: Ամեն դպքում մեր երկու մեդալների արդյունքը գոհացուցիչ է, եւ ինձ ուրախացնում է: Մեր այս հաղթանակները ցույց են տալիս, որ մեր թիմը համարվում է լավագույն եւ առաջատար թիմերից մեկը:
Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեդալների բոլոր գույներն ունեինք, Oլիմպիական խաղերից միայն բրոնզն ունեինք: Արծաթն ու ոսկին չունեինք: Արծաթը եղավ, մնաց ոսկին: Հիմա մեր աշխատանքները պետք է ուղղենք այս մի բացը լրացնելուն:
Իսկ ոսկու ձգտում յուրաքանչյուր հայ մարզիկի հոգեբանության մեջ կա: Այն, որ ոսկի չունենք` արժե դրա համար տխրել: Սա խթան է թե մարզիկների, թե մարզիչների համար:
Պարոն Ջուլֆալակյան, Արթուրն ու Արսեն Ջուլֆալակյանը պարգեւատրման արարողության ժամանակ այդքան էլ ուրախ չէին իրենց հաղթանակին:
Ցանկացած պայքարող մարզիկ ձգտում է առավելագույնի: Մեր տղաները դասվում են պայքարող ըմբիշների շարքին, ինչի համար ես միայն ուրախ եմ: Մեր ըմբիշները չեն ուրախանում իրենց հաղթանակով, քանի որ չեն բավարարվում բրոնզով եւ արծաթով: Երկուսի դեպքում էլ ուրախությունն ու երջանկությունը լիարժեք կլինի, եթե ոսկի նվաճեն: Ես նրանց հետ արդեն զրուցել եմ, բացատրել եմ, որ այս պահին պետք է եղածով բավարարվենք: Սակայն երբեք պետք է չդադարենք պայքարել: Ես նույն ապրումներն եմ ունենում, երբ տեսնում եմ, որ Արթուրը չի ուրախանում իր բրոնզով: Բազմիցս տղաներին ասել եմ, որ ես եւս չեմ գոհանում նրանով, ինչ ձեռք եք բերում: Սա լավ հատկություն է: Որովհետեւ մարզիկը միշտ պետք է հաղթողի աստիճանին կանգնի եւ ոչ թե մեկ կամ երկու աստիճան ցածր: Հիմա ես գտնում եմ, որ այս Օլիմպիական խաղերում մեր ունեցած հաղթանակներով կարելի է ուրախանալ, բայց ոչ լիարժեք: Միշտ մի փոքր տեղ պետք է թողնել ուրախանալու համար, որպեսզի ձգտելու հատկությունը չկորցնես: Ես ինձ ինչ-որ տեղ լավ եմ զգում, որ մեր մարզիկները լիարժեք չեն ուրախանում եւ հասկանում են, որ պետք է ձգտեն ոսկիի:
Լավ մարզավիճակից բացի, Դուք միշտ կարեւորություն եք տվել նաեւ մարզական հաջողությանը: Այսօր մարզական հաջողությունը մեր կողմի՞ց էր:
Սպորտում շատ կարեւոր է հաջողակ լինելը: Մարզական հաջողությունը բնական է, որ բոլոր մարզիկներին անհրաժեշտ է: Դա չես կարող մարզվել եւ ձեռք բերել: Դա պետք է ունենաս: Բայց հաջողությունից բացի պետք է ունենաս նաեւ լավ մարզավիճակ: Այս երկու կարեւոր պայմանները սերտ կապի մեջ են` թե սպորտային բախտը, թե լավ մարզավիճակը: Սակայն լինում են դեպքեր հայ մարզիկների կյանքում, որ ըմբիշները լինում են լավ մարզավիճակում, բայց նրանց չի ժպտում մարզական հաջողությունը: Օրինակ անհաջողություն է, երբ լավ պատրաստված ես լինում եւ հանկարծ գոտեմարտի ժամանակ վնասված ես ստանում: Ինչպես եղավ այսօր Արթուրի հետ: Բայց Արթուրը շրջանցեց այդ անհաջողությունը եւ ուժեղ կամային հատկություն ցուցաբերեց եւ մինչեւ վերջ պայքարեց իր հաղթանակի համար:
Իսկ Արթուրի վնասվածքը Ձեզ չվախեցրե՞ց:
Նույնիսկ, այդ վնասվածքի դեպքում ես Արթուրի հաղթանակի նկատմամբ անվստահություն չզգացի: Արթուրը բնավորությամբ եւ կամային հատկանիշներով շատ ուժեղ է, պայքարող է եւ իր նպատակին հասնող: Իմ մեջ նույնիսկ կասկած չառաջացրեց Արթուրի երկրորդ գոտեմարտի պարտությունը: Դա գալիս է նրանից, որ ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ հավատում էի Արթուրի ուժերին: Ես վստահ էի Արթուրի ուժերի վրա եւ համոզված էի, որ ինքն էլ է վստահ իր ուժերին,եւ հենց այդ պատճառով էլ նա այսօր ուրախացրեց մեզ եւ մեր ազգին:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.