01:19  ,  8 օգոստոսի, 2012

Արթուր Ալեքսանյանը կոտրվածքով անցկացրեց երկու հաղթական գոտեմարտ. Գեւորգ Ալեքսանյան

«Արթուրի սրտում այժմ ոչ թե ուրախություն է բրոնզե մեդալի համար, այլ ափսոսանք. նա այդքան էլ չուրախացավ իր հաղթանակով այնպես, ինչպես մենք բոլորս: Արթուրը եկել էր ոսկու ետեւից: Նա վերջին երկու հաղթական գոտեմարտերն անցկացրեց կողոսկրի կոտրվածքով»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հայրը եւ անձնական մարզիչը` Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակ տարավ կուբացի Էստրադա Ֆալկոնի նկատմամբ:

Պարոն Ալեքսանյան, շնորհավորում եմ Ձեր որդու հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ պարզ դարձավ, որ մեդալը Արթուրինն է:

Շնորհակալություն: Սա մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակն է: Հրաշալի ապրումներ են, երջանկության պահեր: Այդ պահին միայն հպարտություն էի զգում, որը փորձեցի ցույց չտալ:

Որպես Արթուրի հայր ես ուրախ եմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Բայց ասես ուրախությունս լիարժեք չլինի: Ուրախությունն ու ափսոսանքը ձուլվել են իրար: Իսկ այդ ափսոսանք կա թե իմ, թե Արթուրի մեջ, որովհետեւ մենք ոսկու ակնկալիք ունեինք: Բայց դե 20 տարեկան երիտասարդ տղայի համար օլիմպիական բրոնզե մեդալն արդեն  մեծ հաղթանակ է: Ես ուրախ եմ, որ Հայաստանն արդեն ունեցավ երրորդ մեդալը եւ այդ հաջողությունը Հայաստանին պարգեւողներից մեկը եղավ իմ որդին: Սա մեծ աշխատանքի արդյունք է: Մարզիչների, հավաքականի, մարզադպրոցի մարզիչների թիմային աշխատանքի արդյունքն է: Առանց դրա այսօրվա այս երջանկությունը մենք չէինք ապրի:

Արթուրի հայացքում տխրություն կար, կարծես այդքան էլ չէր ուրախանում: Ձեր նշած ափսոսա՞նքն էր խոսում նրա մեջ:

Այո, կարելի է ասել, որ այս հաղթանակով նա այդքան էլ չի ուրախացել: Դժվար է համակերպվում, անկախ այն բանից, որ Օլիմպիական խաղեր են: Նա ափսոսում է պարտության համար: Սակայն, սա արդեն երկրորդական է: Պետք է ուրախանալ ձեռք բերածով: Կարեւորն այն է, որ Արթուրը հրաշալի հաղթանակներ տարավ վերջին երկու գոտեմարտերում:

Այս մեդալով չենք սահմանափակվելու, դեռեւս աշխատելու ժամանակ կա, անելիքներ կան եւ պետք է պատրաստվենք օլիմպիական ոսկե մեդալին հասնելուն:

Դուք այսօր Արթուրի գոտեմարտին հետեւում էիք որպես հա՞յր, թե՞ որպես մարզիչ:

Մրցագորգում Արթուրն ինձ համար մարզիկ է: Ուրախ եմ, որ նրա պես մարզիկ կա, եւ որ այդ մարզիկը իմ որդին է: Ես նրա հաղթանակը այսօր համարում եմ լիարժեք եւ արժանի, քանի որ վերջին երկու գոտեմարտերն անցկացրեց վնասվածքով: Ես վախենում էի, որ վնասվածքը նրան կխանգարեր, բայց նա իսկական տղամարդու պես պահեց իրեն եւ ապացուցեց, որ նա արժանի է գոնե բրոնզե մեդալի, եթե ոչ ոսկու:

Կողոսկրի վնասվածքը չէր անհանգստացնո՞ւմ Արթուրին:

Ոչ այնքան: Անհանգստացնում էր միայն ինձ: Նրա կողոսկրը կոտրված էր, իսկ այդպես գոտեմարտ անցկացնելը, այն էլ մեդալի համար, իսկապես ռիսկային էր:  Բայց նա այդ վնասվածքով հիանալի գոտեմարտ վարեց թուրք ըմբիշի հետ: Իսկ երբ հասկացավ, որ մոտ է բրոնզը, խելացի գոտեմարտ անցկացրեց կուբացու հետ:

Միայն գոտեմարտից հետո ես նրան շնորհավորեցի որպես հայր, հատկապես, երբ տեսա նրան պատվո հարթակին կանգնած:  Անհանգստանում եմ, որ Արթուրը չի ուրախանում մեր այս հաղթանակով: Բայց ոչինչ: Մենք ոսկու ետեւից դեռ կգնանք: Ուղղակի այս պահին ես ավելի շատ եմ ուրախանում, քան Արթուրը:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով