01:19 8 օգոստոսի, 2012«Արթուրի սրտում այժմ ոչ թե ուրախություն է բրոնզե մեդալի համար, այլ ափսոսանք. նա այդքան էլ չուրախացավ իր հաղթանակով այնպես, ինչպես մենք բոլորս: Արթուրը եկել էր ոսկու ետեւից: Նա վերջին երկու հաղթական գոտեմարտերն անցկացրեց կողոսկրի կոտրվածքով»:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հայրը եւ անձնական մարզիչը` Գեւորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակ տարավ կուբացի Էստրադա Ֆալկոնի նկատմամբ:
Պարոն Ալեքսանյան, շնորհավորում եմ Ձեր որդու հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ ապրումներ ունեցաք, երբ պարզ դարձավ, որ մեդալը Արթուրինն է:
Շնորհակալություն: Սա մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակն է: Հրաշալի ապրումներ են, երջանկության պահեր: Այդ պահին միայն հպարտություն էի զգում, որը փորձեցի ցույց չտալ:
Որպես Արթուրի հայր ես ուրախ եմ օլիմպիական մեդալ նվաճելու համար: Բայց ասես ուրախությունս լիարժեք չլինի: Ուրախությունն ու ափսոսանքը ձուլվել են իրար: Իսկ այդ ափսոսանք կա թե իմ, թե Արթուրի մեջ, որովհետեւ մենք ոսկու ակնկալիք ունեինք: Բայց դե 20 տարեկան երիտասարդ տղայի համար օլիմպիական բրոնզե մեդալն արդեն մեծ հաղթանակ է: Ես ուրախ եմ, որ Հայաստանն արդեն ունեցավ երրորդ մեդալը եւ այդ հաջողությունը Հայաստանին պարգեւողներից մեկը եղավ իմ որդին: Սա մեծ աշխատանքի արդյունք է: Մարզիչների, հավաքականի, մարզադպրոցի մարզիչների թիմային աշխատանքի արդյունքն է: Առանց դրա այսօրվա այս երջանկությունը մենք չէինք ապրի:
Արթուրի հայացքում տխրություն կար, կարծես այդքան էլ չէր ուրախանում: Ձեր նշած ափսոսա՞նքն էր խոսում նրա մեջ:
Այո, կարելի է ասել, որ այս հաղթանակով նա այդքան էլ չի ուրախացել: Դժվար է համակերպվում, անկախ այն բանից, որ Օլիմպիական խաղեր են: Նա ափսոսում է պարտության համար: Սակայն, սա արդեն երկրորդական է: Պետք է ուրախանալ ձեռք բերածով: Կարեւորն այն է, որ Արթուրը հրաշալի հաղթանակներ տարավ վերջին երկու գոտեմարտերում:
Այս մեդալով չենք սահմանափակվելու, դեռեւս աշխատելու ժամանակ կա, անելիքներ կան եւ պետք է պատրաստվենք օլիմպիական ոսկե մեդալին հասնելուն:
Դուք այսօր Արթուրի գոտեմարտին հետեւում էիք որպես հա՞յր, թե՞ որպես մարզիչ:
Մրցագորգում Արթուրն ինձ համար մարզիկ է: Ուրախ եմ, որ նրա պես մարզիկ կա, եւ որ այդ մարզիկը իմ որդին է: Ես նրա հաղթանակը այսօր համարում եմ լիարժեք եւ արժանի, քանի որ վերջին երկու գոտեմարտերն անցկացրեց վնասվածքով: Ես վախենում էի, որ վնասվածքը նրան կխանգարեր, բայց նա իսկական տղամարդու պես պահեց իրեն եւ ապացուցեց, որ նա արժանի է գոնե բրոնզե մեդալի, եթե ոչ ոսկու:
Կողոսկրի վնասվածքը չէր անհանգստացնո՞ւմ Արթուրին:
Ոչ այնքան: Անհանգստացնում էր միայն ինձ: Նրա կողոսկրը կոտրված էր, իսկ այդպես գոտեմարտ անցկացնելը, այն էլ մեդալի համար, իսկապես ռիսկային էր: Բայց նա այդ վնասվածքով հիանալի գոտեմարտ վարեց թուրք ըմբիշի հետ: Իսկ երբ հասկացավ, որ մոտ է բրոնզը, խելացի գոտեմարտ անցկացրեց կուբացու հետ:
Միայն գոտեմարտից հետո ես նրան շնորհավորեցի որպես հայր, հատկապես, երբ տեսա նրան պատվո հարթակին կանգնած: Անհանգստանում եմ, որ Արթուրը չի ուրախանում մեր այս հաղթանակով: Բայց ոչինչ: Մենք ոսկու ետեւից դեռ կգնանք: Ուղղակի այս պահին ես ավելի շատ եմ ուրախանում, քան Արթուրը:
Զրուցեց Լուսինե Շահբազյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.