10:46  ,  12 հունիսի, 2018

ԱԱ-2018. Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնը՝ NEWS.am Sport-ի դիտակետից

Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնաց երկու օր: Առաջնությունն առաջին անգամ է անցկացվում Արեւելյան Եվրոպայում: Հանդիպումները կընդունեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Սոչիի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Ռոստովի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Վոլգոգրադի եւ Սարանսկի 12 ստադիոններ:

Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն երկու ստադիոններում՝ «Լուժնիկիում» եւ «Սպարտակում»:

NEWS.am Sport-ի թղթակիցն այս անգամ այցելել է «Սպարտակ» ստադիոն, որը կարող է ընդունել 45 360 երկրպագու: Աշխարհի առաջնությունից հետո նախատեսվում է տեղերն ավելացնել եւս 5000-ով: Ստադիոնի շինարարությունը սկսվել է 2007-ին: Բացման արարողությունը կայացել է 2014 թվականի սեպտմբերի 5-ին՝ մոսկովյան «Սպարտակ» եւ սերբական «Црвена Звезда» թիմերի հանդիպումով, որն ավարտվել է 1:1 հաշվով:

«Սպարտակ» արենայի կառուցումը եղել է մեծ դժվարություններով՝ Մոսկվայի  իշխանությունների, ֆինանսի բացակայության եւ ստադիոնի վայրի ընտրության հետ պայմանավորված: Մի քանի անգամ նախաձեռնվել է ստադիոնի կառուցումը, սակայն ընտրված վայրի բնակիչների բողոքի ցույցերի, ապա նաեւ ֆինանսի պակասի պատճառով ստադիոնի կառուցման ժամկետները մի քանի անգամ փոփոխվել են: 2006 թվականին միայն քաղաքի ղեկավարության կողմից հաստատվել է ստադիոնի կառուցման ծրագիրը, ընտրվել է վայրը, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում՝ «Սպարտակ» մետրոյի կայարանից ոչ հեռու` Տուշինսկի օդանավակայանի հարեւանությամբ:

Ի դեպ, մետրոյի «Սպարտակ» կայարանը եւս նորակառույց է, այն նախկինում եղել է «Վոլոկոլամսկայա» կայարանը, իսկ ստադիոնի կառուցումը սկսելուց հետո քաղաքային իշխանությունները որոշումն են կայացրել նախ վերակառուցել մետրոյի այդ կայարանը, ապա այն անվանափոխել «Սպարտակ», ստադիոնի այցելուների երթուղին եւ կողմնորոշումն ավելի հեշտացնելու համար:

Ստադիոնի կառուցման բյուջեն կազմել է 14,5 մլրդ ռուբլի: Բացի այդ, ստադիոնը ունի նաեւ հովանավոր՝ «Открытие» բանկը, որը 1 մլրդ 408 մլն ռուբլի արժողությամբ պայմանագիր է կնքել, ըստ որի 6 տարի ստադիոնը կրելու է նաեւ հովանավորի անունը՝ «Открытие Арена»:  Չնայած դեռ մի քանի տարի ստադիոնը կանվկանվի նոր անունով, բայց ըստ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի, պաշտոնական խաղերի ժամանակ ստադիոնը պետք է կոչվի իր իսկական անունով՝ «Սպարտակ»:

«Սպարտակ» ստադիոնը լիովին պատրաստ է ֆուտբոլային տոնին: Աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներն այստեղ ավարտված են: Ստադիոնի հարակից տարածքներում մի քանի վայրերում տեղադրված են երկրպագուների հավատարմագրման գոտիները, իսկ առանձին վայրերում ցուցանակներով նշված են հատուկ գոտիներ հասնելու ուղեցույցերը:

Ստադիոնի գլխավոր մուտքի մոտ շուրջ 25 մետր բարձրությամբ կանգնած է գլադիատորի հուշարձան պատվանդանով: Իսկ ստադիոնի ներսում Բ տրիբունայի կողքին տեղադրված են Ստարոստին  եղբայրների հուշարձանները:

Քանի որ ստադիոնը գտնվում է Տուշինո համայնքում՝ համանուն օդանավակայանի հարակից տարածքում, այստեղ ծրագրվում է կառուցել մականախաղի եւս երկու խաղդաշտ, մի քանի սպորտային համալիրներ, թենիսի կորտ, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակ՝ սպորտային ուղղվածությամբ:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով