16:46  ,  27 ապրիլի, 2024

Հակոբ Սերոբյանը՝ Ռիմինիից․ Շատ ուրախ եմ, հպարտ եմ, գոհ եմ երիտասարդների աշխատանքից (տեսանյութ)

Շատ ուրախ եմ, հպարտ եմ, գոհ եմ երիտասարդների աշխատանքից: Նրանք ցույց տվեցին, թե ինչպես պետք է աշխատել: Իմ կարծիքով այս տղաները մեծահասակներում լուրջ տոն են տալու:

Այս մասին Ռիմինիում Համլետ Մանուկյանի եւ Մամիկոն Խաչատրյանի նվաճած մեդալներից հետո ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 16-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում հռչակվեց չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ:

«Շատ գոհ եմ տղաների աշխատանքից: Բարձր արդյունք ակնկալում էի, բայց վնասվածքի հետ կապված մտահոգություն ունեի: Ինքս թույլ չտվեցի Մամիկոնին բոլոր գործիքներն անի, բայց ափսոսում եմ, որ վասնածքը մեզ խանգարեց: Կարող էինք բազմամարտում էլ մեդալ նվաճել, թիմին կարող էր օգտակար լինել: Ամեն դեպքում կարիք չկար ռիսկի գնալ: Որոշեցինք, որ միայն նժույգ անի:

Շատ լավ, մաքուր կատարեց վարժությունը: Հրաշալի արդյունք գրանցեց եւ արժանի գնահատական ստացավ: Համլետ Մանուկյանը շատ մաքուր կատարեց իր վարժությունն ի տարբերություն Գագիկ Խաչիկյանի նախորդ օրվա մրցելույթի: Նա մեծահասակ է, զարմացած եմ ուղղակի Խաչիկյանի կատարման ժամանակ: Այդ ամենի հետեւանքը հետո կտեսնենք։

Ինչ վերաբերում է երիտասարդներին, նրանք բոլորը գերազանց աշխատեցին Եվրոպայի առաջնությունում, նրանց ցույց տվեցինք, թե ինչպես պետք է անել: Շատ ուրախ եմ, հպարտ եմ, գոհ եմ, որովհետեւ այս երեխաները իմ տղաների սաներն են, այսինքն իմ թոռներն են: Նրանց մարզիչներն իմ սաներն են:

Վստահ էի, որ Համլետը կհաղթի, բայց նրա ուսի խնդիրը շատ լուրջ է: Մի որոշ ժամանակ նրան հանգիստ կտանք, հասունացման տարիքն է, որ որեւէ լուրջ հետեւանք չունենա: Հաջորդ Եվրոպայի առաջնությունում Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը կլինեն արդեն մեծահասակներում: Իմ կարծիքով այս տղաները մեծահասակներում լուրջ տոն են տալու»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով