09:09 17 մայիսի, 2018Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից չորրորդը Կոստա Ռիկայի հավաքականն է:
Կոստա Ռիկան աշխարհի առաջնություններին մասնակցել է 5 անգամ: «Մունդիալներում» թիմը նորամուտը նշել է 1990-ին, իսկ լավագույն արդյունքը գրանցել է ԱԱ-2014-ում, որում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում կոստառիկացիները նախ հաղթեցին B խմբում (Կոստա Ռիկա, Պանամա, Հաիթի, Ջամայկա), իսկ հետո որակավորման վերջին փուլից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղով՝ զիջելով միայն Մեքսիկայի հավաքականին:
ԱԱ-2018-ի խմբային փուլում կոստառիկացիները հանդես կգան E խմբում, որտեղ կմրցեն Սերբիայի (հունիսի 17, Սամարա), Բրազիլիայի (հունիսի 22, Սանկտ Պետերբուրգ) եւ Շվեյցարիայի (հունիսի 27, Վոլգոգրադ) հավաքականների հետ: Կոստա Ռիկայի հավաքականը չի համարվում խմբի ֆավորիտներից, սակայն շատ մասնագետներ կարծում են, որ հյուսիսամերիկյան թիմը կարող է անակնկալ մատուցել, ինչպես Բրազիլիայում կայացած աշխարհի նախորդ առաջնությունում:

Գլխավոր աստղը
Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր աստղն է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: 31-ամյա դարպասապահը վստահ խաղ է ցուցադրում ինչպես Արքայական ակումբում, այնպես էլ ազգային թիմում, որի առաջատարներից է: ԱԱ-2014-ում նա Կոստա Ռիկայի հավաքականի հաջող ելույթի գլխավոր գրավականներից էր: Նավասի անցած ֆուտբոլային ճանապարհը եղել է շատ բարդ: Նրա հայրենի քաղաքում դարպասապահին թույլ չէին տվել խաղալ ցածրահասկ լինելու պատճառով, սակայն 20 տարի անց քաղաքի գլխավոր ստադիոնն անվանափոխվեց նրա անունով:

Մարզիչը
2015-ից Կոստա Ռիկայի հավաքականը գլխավորում է տեղացի մասնագետ Օսկար Ռամիրեսը, որը դրանից առաջ մեկ տարի աշխատել էր ազգային թիմի մարզչական շտաբում: Նախկին ֆուտբոլիստը Կոստա Ռիկայի հավաքականի կազմում հանդես է եկել 1985-1997-ը՝ 75 խաղում խփելով 6 գոլ: Մարզչական կարիերայի ընթացքում 53-ամյա մասնագետն աշխատել է միայն տեղի ակումբներում: Ռամիրեսը կոստառիկացի երկրպագուների սիրելին է: Նա նախընտրում է հակագրոհներով ֆուտբոլ ու 3-4-3 եւ 3-5-2 տակտիկական սխեմաներ:
Թիմի հայտացուցակը ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Կեյլոր Նավաս («Ռեալ»), Պարիկ Պեմբերտոն («Ալահուելենսե»), Լիոնել Մորեյրա («Էրեդիանո»):
Պաշտպաններ. Կրիստիան Գամբոա («Սելթիկ»), Յան Սմիթ («Նորդչիպեգ»), Ռոնալդ Մատարիտա («Նյու Յորք Սիթի»), Բրայան Օվյեդո («Սանդերլենդ»), Օսկար Դուարտե («Էսպանյոլ»), Ջանկարլո Գոնսալես («Բոլոնիա»), Ֆրանսիսկո Կալվո («Մինեսոտա Յունայթեդ»), Քենդալ Ուոստոն («Վանկուավեր»), Ջոնի Ակոստա («Ագիլաս»):
Կիսապաշտպաններ. Դավիդ Գուսման («Պորտլենդ»), Ելցին Տեհեդա («Լոզանո»), Սելսո Բորխես («Դեպորտիվո»), Ռենդալ Ասոֆեյֆա («Էրեդիանո»), Ռոդնի Ուոլես («Նյու Յորք Սիթի»), Կրիստիան Բալանյոս («Սապրիսա»), Խոան Վենեգաս («Սապրիսա»):
Հարձակվողներ. Բրայան Ռուիս («Սպորտինգ»), Դանիել Կոլինդրես («Սապրիսա»), Խոել Քեմբել («Բետիս»), Մարկոս Ուրենյա («Լոս Անջելես»):

Բուքմեյքերների կարծիքը
Կոստա Ռիկայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 500 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 4 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.