00:34  ,  4 ապրիլի, 2018

Ռոնալդուի սուպերխաղը, «Յուվենտուսի» պարտությունը՝ 0:3, «Բավարիայի» կամային հաղթանակը Սեւիլիայում՝ 2:1

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտվեց 0:3 հաշվով: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլը եւ բրազիլացի պաշտպան Մարսելոյի գոլը:

Արդեն երրորդ րոպեին Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Իսկոյի փոխանցումից հետո Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին արդյունավետ օգտագործեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի փոխանցումը՝ հետադարձ հարվածով խփելով գեղեցիկ գոլ:

Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն առնվազն մեկ գոլ է խփում 10-րդ խաղում անընդմեջ: Նա գերազանցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, որը 2002-2003 թվականների մրցաշրջանում աչքի էր ընկել 9 անընդմեջ հանդիպումներում:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում Ռոնալդուն խփել է 14 գոլ:

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Ռոնալդուն դարձել է 39 գոլի հեղինակ եւ լավագույնն է: Նրանից 2 գոլ է հետ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը:

66-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Դրանից հետո «Ռեալը» հաշիվը դարձրեց 3:0: Մարսելոն գրավեց իտալացի Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը: Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն:

Օրվա մյուս խաղում իսպանական «Սեւիլիան» տանը մրցեց Մյունխենի «Բավարիայի» հետ, որը տարավ կամային հաղթանակ՝ 2:1: 32-րդ րոպեին դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան գրավեց գերմանացի Սվեն Ուլրայխի պաշտպանած դարպասը: 5 րոպե անց «Սեւիլիայի» իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասը դարձավ ինքնագոլի հեղինակ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հզոր հարվածից հետո: Երկրորդ խաղակեսում Ռիբերիի փոխանցումից հետո գերմանացի Յուպ Հայնկեսի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 11-ին:

Ապրիլի 4-ին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացնեն «Բարսելոնան» ու «Ռոման» եւ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 0:3

Կրիշտիանու Ռոնալդու, 3, 64, Մարսելո, 72

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2

Պաբլո Սարաբիա, 32 – Խեսուս Նավաս, 37, ինքնագոլ, Տիագո Ալկանտարա, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում